
Աղավնոյի անցակետում ռուս խաղաղապահները ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով մանրամասներ է հայտնում, թե Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն ինչպես չեն կարողացել մուտք գործել Արցախի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին քաղաքական բոյկոտի մասին` նշելով, որ մեկնում են Արցախ: Մինչ մեկնելը, նրանք ԱԺ ամբիոնին և իրենց սեղաններին տեղադրեցին Արցախի դրոշը:
Քաղաքական մեծամասնության պատգամավորներն այս ակցիան քննադատեցին` նշելով, թե Արցախը Երևանում չեն պաշտպանում։ ԱԺ նախագահը կոչ արեց վերջիններիս վայր դնել մանդատները, Գուրգեն Արսենյանն էլ պահանջեց Հայաստանի իշխանություններից սթափեցնել Արցախի իշխանություններին:
Սյունիքի Տեղ գյուղի մոտ տեղակայված անցակետից Գեղամ Մանուկյանը մանրամասնեց, որ չեն կարողացել անցնել Արցախի Աղավնո գյուղի մոտ տեղակայված անցակետը: Մանուկյանի խոսքով` բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել, սակայն չի կարողացել պատասխանել, որովհետև Աղավնո գյուղի մոտ Արցախի խորհրդարանի հինգ խմբակցությունների ղեկավարների հետ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներով խորհրդակցության էին:
«Երբ անցանք Տեղ գյուղի մոտի պահակակետը, որը ավանդաբար երբ անցնում ենք, ոստիկանները ողջունում են, բարի ճանապարհ մաղթում և վերջ, բայց առավոտյան տարօրինակ դեպքի հանդիպեցինք, երբ սահմանապահ զորքերի ծառայողները ուղղակի անձնագրերն էին ստուգում, տվյալները գրառում, հաշվի էլ չառան պատգամավորական հանգամանքը: Արդեն Աղավնո գյուղի մոտ՝ ռուս խաղաղապահների հենակետի մոտ հանդիպեցինք այն անթույլատրելի ու վտանգավոր իրավիճակին, երբ ռուս խաղաղապահների ձեռքում կային ցանկեր` պատգամավորների անուններով, և նրանք հայտարարեցին, որ մեր մուտքն արգելված է»,- պատմեց Գեղամ Մանուկյանը:
Ըստ պատգամավորի` խաղաղապահ ծառայության ներկայացուցիչները որևէ բացատրություն չեն տվել, սակայն պատգամավորների համար երկարատև տարբեր հեռախոսանգերից հետո պարզ է դարձել, թե իրենց մուտքն ինչու է արգելված Արցախի Հանրապետություն:
«Անակնկալ բացահայտվեց այս և Ադրբեջանի իշխանությունների հանցավոր ստվերային համաձայնության մասին, որ սահմանափակվում է Հայաստանի և Արցախի միջև ՀՀ շատ քաղաքացիների, հանրային քաղաքական գործիչների երթևեկը: Այսօր պարզ դարձավ, որ իշխանական պատգամավորների` ադրբեջանցիների սրտերին յուղ լցնող հայտարարությունները, թե Արցախ մեկնելով կարող ենք վտանգել Արցախի անվտանգությունը, հեռավար ծրագիր է, Արցախի մեկուսացման ևս մեկ հանցավոր համաձայնություն»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով` մի քանի ժամ շարունակ եղել են Աղավնոյի անցակետում, Արցախի խորհրդարանի հինգ խմբակցությունների ղեկավարների հետ տևական քննարկում են ունեցել և վերահաստատել` անելու են ամեն ինչ, որպեսզի բացառեն որևէ կարգավիճակով Արցախի` Ադրբեջանի կազմում լինելը:
Պատգամավորը հետագա քայլերի մասին այլ տեղեկություն չհաղորդեց, սակայն խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ամբողջ շաբաթվա ընթացքում լինելու են թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի սահմանամերձ մարզերում:
Մեկնաբանել