
Դատավոր Գնել Գասպարյանը տեղափոխվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան
Դատավոր Գնել Գապսարյանի գործուղման ժամկետը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է: Վերջինս ապրիլի 8-ից աշխատանքը շարունակելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում:
Նշենք, որ Գնել Գապսարյանը 2019 թվականի փետրվարի 6-ին նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այնուհետև 2021 թվականի հոկտեմբերին նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն Երևան չի վերադարձել. ԲԴԽ-ն որոշել է նրան գործուղել Սյունիքի մարզ, ապա գործուղման ժամկետը երկարացվել է մինչև 2022 թվականի ապրիլի 8-ը: Վերջին շրջանում Գասպարյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննում էր վարույթում արդեն իսկ եղած գործերն, ինչպես նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր:
Գնել Գապսարյանի վարույթում է քննվել նաև Սյունիքի համայնքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործը, որի քննությունն ավարտել է:
Ավելի վաղ հայտնել ենք, որ լրացել է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի՝ Շիրակի մարզ գործուղման ժամկետը: Դատավոր Հայրապետյանը աշխատանքն իրականացնում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում: Այսպիսով, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քրեական գործեր քննող 24 դատավոր է աշխատում, իսկ մեկ դատավորի՝ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են:
Մեկնաբանել