
Ընդդիմությունը, տեղադրելով Արցախի դրոշները, բոյկոտեց ԱԺ քառօրյան
Խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, բոյկոտեցին ԱԺ քառօրյայի աշխատանքները` մեկնելով Արցախի Հանրապետություն:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթում հայտարարեց` իրենց համար անընդունելի է ԼՂ խնդրի կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում:
«Օրվա իշխանությունները անկարող են լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ, վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով: Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին նախապատրաստում ենք նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման:
Իրավիճակին ոչ համարժեք է իրեն դիսևորում մեծամասնությունը»,-ասաց Օհանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց` օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորություններից, լքում են նիստերի դահլիճը և մեկնում Արցախ:
«Մենք մեկնում ենք Արցախ և Հայաստանի սահմանամերձ մարզեր` որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման, լինելու ենք այնտեղ, որտեղ մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»,- ասաց նա` ամբիոնին տեղադրելով Արցախի դրոշը: Դրան հետևեց ընդդիմության բոլոր պատգամավորների սեղաններին Արցախի դրոշները տեղադրելը:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ևս հայտարարեց, որ մեկնում են Արցախ: Այս ելույթներից հետո ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը:
«Քացաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց` Արցախի դրոշն ԱԺ ամբիոնից կախելով՝ այդ մարդիկ Արցախը չեն պաշտպանում:
«Մարդիկ երեսուն տարի լինելով իշխանություն՝ չեն պատկերացրել, թե ինչպես պետք է պաշտպանել Արցախը, օրեր առաջ տեղի ունեցած հանրահավաքին խայտառակ մտքեր փոխանակելով փորձում են էժանագին քաղաքական դիվիդենտներ ապահովել»,- նշեց նա:
Ըստ իշխանական պատգամավորի` ընդդիմությունը, մեկնելով Արցախ, վտանգում է Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին, նա կոչ արեց քաղաքական օրակարգը զերծ պահել բախտախնդիրներից:
Մեկնաբանել