
Ակտիվիստները հետամուտ են լինելու, որ մեղավորները պատժվեն
Մաշտոցի պուրակի ակտիվիստները պայքարի 90 օրերի ընթացքում առաջնորդվել են խաղաղ պայքարի սկզբունքներով, գործել են բաց և թափանցիկ, հանրության առջև հաշվետու, իսկ նրանց միակ նպտակը եղել է արդարության հաստատումն ու հանրային շահի պաշտպանությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը:
Նրա խոսքերով` այդ պայքարի ընթացքում իրենք ունեցել են լուրջ հաղթանակներ: Նախ` հանրային տարածքից ապամոնտաժվել են կրպակները, և պուրակն այլևս պատկանում է հանրությանը, ձևավորվել է քաղաքացիական պայքարի նոր մշակույթ, որի շնորհիվ հանրությունը հաղթեց 20 տարի շարունակ իշխող քրեաօլիգարխիկ համակարգին:
Չնայած հաղթանկին` ակտիվիստների համար անընդունելի է խնդրի լուծման այս տարբերակը, երբ նախագահն է հրահանգ տալիս կրպակներն ապամոնտաժել, այն դեպքում, երբ դա քաղաքապետի պարտականությունն է:
Նրանց խոսքերով` իրենք հետևողական են լինելու իրենց բարձրացրած խնդիրների լուծման, ինչպես նաև այգու բարեկարգման հարցում: Միաժամանակ, ակտիվիստներն անընդունելի են համարում իրենց դեմ քրեական գործի հարցումը: Նրանց կարծիքով` քրեական գործ պետք է հարուցել հենց ոստիկանների նկատմամբ, ովքեր չարաշահել են պաշտոնեական դիրքը: Նրանք պահանջում են, որ այդ գործը քննի հատուկ քննչական ծառայությունը, ոչ թե ոստկանությունը, որը չի կարող անկողմնակալ լինել:
Ռ. Գրիգորյանը կարծում է, որ հարուցված քրեական գործի նպատակն է, որ ակտիվիստները գնան զիջումների, այնինչ դա չլինելու: Նրանք հայտարարեցին, որ մինչև վերջ հետամուտ են լինելու, որ պատժվեն բոլոր այն մեղավորները, ովքեր բռնություն են կիրառել իրենց սահմանադրական իրավունքը պաշտպանող ակտիվիստների նկատմամբ:
Ապրիլի 30-ին նրանք դիմել են հատուկ քննչական ծառայություն և գլխավոր դատախազություն` պահանջելով պատասխանատվության ենթարկել ոստիկանությանը, սակայն ակտիվիստներին պատասխան դեռ չի տրվել:
«Ոստիկանությունը պետք է հասկանա, որ իր պարտականությունն է ոչ թե կատարել տարբեր տեսակի պետական պաշտոնյաների անօրինական որոշումները, այլ իր պարտականությունն է պաշտպանել ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները»,- հայտարարեց Գ. Հակոբյան:
Մեկնաբանել