HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վազգենը ծնվեց ու զոհվեց Շուշիում, 28 տարվա ձեռքբերածը մի օրում կորցրինք»

1992-ին Շուշիի ազատագրումից հետո Աբրահամյանների ընտանիքը Ստեփանակերտից Շուշի տեղափոխվեց։ 

Եկեղեցու՝ Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոցի դիմաց մեծ տուն ստացան։

Ստեփանակերտի իրենց տունն արդեն փոքր էր, Լյուդվիգն ու Զարինեն 5 զավակ ունեին։ Շուշին ազատագրված էր, ու հնարավորություն կար այնտեղ ապրելու։

Զարինե Աբրահամյանը հիշում է՝ Ստեփանակերտում հարևանն ասել էր` Շուշիում տներ կան, կարող են գնալ ստանալ. «Շատ մոտիկ էինք, հարևանս ասեց` առանց ձեզ ոչ մի տեղ չենք գնա, էդպես եկանք ու հաստատվեցինք Շուշիում, էդ ժամանակ Շուշին շատ խաղաղ էր»։

Լյուդվիգ Աբրահամյանն այդ ժամանակ ծառայում էր Շուշիի գնդում, գնդի ցրվելուց հետո գորգագործարան հիմնեցին, տարիներ անց նույն տեղում ռեստորան բացեցին, իսկ վերջին տարիներին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճաշարանն էին վարձակալել ու աշխատում էին։

Շուշիում ծնվեց Լյուդվիգի եւ Զարինեի 6-րդ երեխան` Վազգենը։ 

«5 երեխայով, առանց ոչ մի բան, դատարկ մտանք Շուշի, նույն ձև դատարկ, 5 երեխայով էլ դուրս եկանք, Շուշին անգամ իմ տղային ինձ չտվեց, ինչ տվեց, ամբողջը վերցրեց»,-ասում է մայրը։

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Վազգենը որպես պայմանագրային զինծառայող ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի  հատուկ նշանակության ջոկատում։ Մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան քառօրյային։

2020-ի պատերազմի սկզբում եղել է Հադրութում, ապա` Ջրականում։ Նոյեմբերի 4-ից տեղափոխվել է Շուշի-Քարին Տակ ճանապարհահատված։

Վազգեն Աբրահամյանը զոհվել է նոյեմբերի 9-ին։ Հարազատները մինչև նոյեմբերի 14-ը տեղյակ չէին Վազգենի զոհվելու մասին։

Զարինեի եղբայրը և փեսան նոյեմբերի 13-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ մտել են արդեն գրավված Շուշի-Քարին Տակ ճանապարհահատված ու այնտեղից դուրս բերել Վազգենի մարմինը։ Նրան հուղարկավորել են Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Վազգեն Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter