
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Հայոց ցեղասպանությունը հերքելը դարձնել քրեորեն պատժելի
«Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, ըստ որի՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ որևէ այլ ձևով մատչելի դարձնելու միջոցով Օսմանյան կայսրությունում և Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը պետք է պատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ Քրեական օրենսգրքի 3971 հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, դրանց հավանաություն տալու կամ արդարացնելու համար: Եվ քննարկվող օրենսդրական կարգավորման առարկան վերաբերում է առհասարակ ցեղասպանության հանցագործությանը: Խմբակցությունը հայտնում է, որ օրենսդիրը տարբերվող մոտեցում չի որդեգրել Հայոց ցեղասպանության հարցում:
Ըստ «Հայաստան» խմբակցության՝ Մեծ եղեռնի նկատմամբ առանձին մոտեցման ընդունումը նպատակադիր է ոչ միայն պատմական, այլև քաղաքական, սոցիալական և իրավական դիտանկյուններից՝ հաշվի առնելով հայ ազգի առջև ծառացած այժմեական մարտահրավերները։
«Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հնարավոր զարգացման համատեքստը մեկ անգամ ևս ընդգծում է Մեծ եղեռնի հերքման քրեականացման կարևորությունը: Ընդ որում՝ կարգավորման ավելացումը համապատասխանում է ազգային շահի եւ անվտանգության կառուցակարգերին»,- ասվում է հիմնավորման մեջ:
Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Քրեական նոր օրենսգիրքը, և «Հայաստան» խմբակցությունը մշակել է օրենքի փոփոխության 2 նախագիծ՝ թե՛ այժմ գործող Քրեական օրենսգրքի համար, թե՛ հուլիսից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքի համար։
Մեկնաբանել