
Անհետացած քանդակներ, ոչնչացած նկարներ՝ Ազգային պատկերասրահում. քրեական գործեր չեն հարուցվում
2010 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահից անհետացել է 19-րդ դարի անհայտ քանդակագործի «Այծեմարդը սրինգով» քանդակը:
Այս փաստը պատկերասրահի տնօրինությունը մեկ տարի թաքցրել է: Այնուհետեւ պարզվել է, որ եւս տասը արձաններ են անհետացել պատկերասրահից:
Ոստիկանությանը հարցում էինք ուղղել՝ ակնկալելով ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները.
- Հայաստանի ազգային պատկերասրահից արձանիկների անհետացման փաստի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ:
- Եթե հարուցվել է քրեական գործ, ապա կա՞ն կալանավորված անձինք, թե՞ ոչ, եւ ի՞նչ փուլում է այդ գործը:
- Եթե չի հարուցվել քրեական գործ, ապա ինչո՞ւ:
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ ազգային պատկերասրահից 2010 թ. ընթացքում 19-րդ դարի անհայտ քանդակագործի «Այծեմարդը սրինգով» հայտնի քանդակի եւ հարցման մեջ նշված 10 արձանների կորստյան վերաբերյալ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում եւ ենթակա ստորաբաժիններում հարուցված քրեական գործեր չկան: Ձեր հարցման երրորդ կետի պատասխանը կտրվի լրացուցիչ»,- նշված է ոստիկանության պատասխանում:
Այս գրությունից ակնհայտ է, որ քրեական գործ չի հարուցվել, եւ հաստատվում է, որ «հայտնի քանդակն» իսկապես անհետացել է պատկերասրահից: Ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել. սպասում ենք «լրացուցիչ» պատասխանի, տեսնենք՝ ինչպե՞ս է ոստիկանությունն արդարացնելու քրեական գործ չհարուցելը:
Նույնաբովանդակ հարցումներ ուղարկել ենք նաեւ գլխավոր դատախազություն, մշակույթի նախարարություն եւ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին: Այս երեք կառույցներից առայժմ պատասխաններ չենք ստացել:
Ընդհանրապես, Ազգային պատկերասրահում նկարների, քանդակների տարօրինակ «անհետացումները» շատ են: Չնայած բոլոր փաստերն առայժմ կոծկվում են, բայց դրանք չեն կարող հավերժ ձգվել. Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը մի օր պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչ կատարվում է իր ղեկավարած կառույցում:
Այժմ պատմենք պատկերասրահում կատարված մեկ իրադարձության մասին, որը կրկին քրեաիրավական գնահատական չի ստացել: 2009-ի հուլիսի 31-ին ջրով են լցվել պատկերասրահի հոլանդական եւ մասամբ ֆրանսիական սրահները: Այս երկու սրահներում փչացել է հինգ նկար եւ 18-րդ դարի հոլանդական մեկ պահարան (ինվենտար համարը՝ 1241/16504):
Հոլանդական սրահի նկարները 16-17-րդ դարերի հեղինակների գործեր են, մասնագետները դրանց արժեքը գնահատում են մի քանի միլիոն դոլար: Պատկերասրահում «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ ամենաշատը վնասվել են ֆլամանդացի նկարիչ Տենիրս Դավիթ Կրտսերի /1610-1690/ երկու գեղանկարներից մեկը, իտալացի նկարիչներ Բասսանո Լեանդրոյի /1557-1622/ և Բասսանո Յակոպոյի /1510-1592/ գործերը:
Ֆրանսիական սրահից փչացել է Լուի Լեննենի շրջանի «Թռչնաբները ավերողները» գործը: Պատկերասրահի նկարները վերականգնողներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ասաց, որ այդ գործերից հնարավոր է եղել վերականգնել միայն մեկը` «Թռչնաբները ավերողները»: Իսկ «ջրհեղեղի» պատճառը գիշերը պատկերասրահում մի ֆիլմի նկարահանումներն են եղել, որի ավարտից հետո պատկերասրահի վերին հարկում գտնվող սրճարանում «կերուխումից» հետո մոռացել են փակել ջրի ծորակը, եւ այն ողողել է ներքեւի երկու սրահները:
Այս փաստի առթիվ եւս քրեական գործ չի հարուցվել:
շարունակելի
Մեկնաբանություններ (31)
Մեկնաբանել