
ԱԳ նախարարն ու վարչապետն անվտանգության վերաբերյալ զեկույց չեն ներկայացնի․ կառավարությունը հավանություն չտվեց նախագծին
Կառավարությունն այսօրվա՝ մարտի 31-ի նիստում հավանության չտվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի օրենսդրական նախագծին, որով առաջարկվում էր, որ արտգործնախարարը տարեկան չորս, իսկ վարչապետը տարեկան 2 անգամ զեկույց ներկայացնեն Ազգային ժողով։
Ըստ նախագծի՝ ԱԳ նախարարն ու վարչապետը պետք է զեկույց ներկայացնեին Հայաստանի անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների և ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմող հիմնարար դրույթների վերաբերյալ:
Որպես հիմնավորում նշվել է, որ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա պատգամավորներին տեղեկացված լինել Հայաստանի արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված կամ քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի և ոլորտային այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ։
Ըստ հիմնավորման՝ կարգավորմամբ նաև հնարավորություն կստեղծվի խորհրդարանական բոլոր ուժերին, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբակցություններին հավասարապես իրացնել Սահմանադրությամբ և օրենքով իրենց վերապահված լիազորությունները, մասնավորապես` մշտական հանձնաժողովների աշխատանքների միջոցով իրականացնել խորհրդարանական վերահսկողությունն ավելի լայն ծավալով:
Սակայն, կառավարությունը համարում է, որ գործադիր իշխանության նկատմամբ Սահմանադրությամբ ամրագրված ԱԺ վերահսկողության գործառույթի կատարումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ և օրենքով արդեն իսկ նախատեսված են մի շարք գործիքներ, այդ թվում՝ կառավարության կողմից Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացումը, Ազգային ժողովի կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը, որը դրսևորվում է կառավարության կողմից պետական բյուջեի, այդ թվում՝ նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ Ազգային ժողով տեղեկանքի ներկայացմամբ, կառավարության անդամներին պատգամավորների կողմից բանավոր և գրավոր հարցեր ուղղելու, պատգամավորական խմբակցությունների հարցապնդումների, հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ անցկացնելը, քննիչ հանձնաժողով ստեղծելը և այլն, որոնք անհրաժեշտ ու բավարար են նախագծի հիմնավորմամբ ներկայացված նպատակներին հասնելու համար:
«Բացի դրանից, օրենքի («ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենք») 122-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ մշտական հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերին:
Վերոնշյալ դրույթից բխում է, որ նախագծով առաջարկվող կարգավորումն, ըստ էության, նույնաբովանդակ կարգավորում է նախատեսում, ինչ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասը, հետևաբար, նախատեսման անհրաժեշտությունը կրկին բացակայում է:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ կառավարությանն առաջարկում ենք զերծ մնալ նախագծի ընդունումից և օրենքը թողնել անփոփոխ»,- ասված է որոշման նախագծում։
Մեկնաբանել