
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
Քիչ առաջ ձերբակալվել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: Ձերբակալման մասին տեղեկությունը «Հակակոռուպցիոն կոմիտեի» լրատվական ծառայությունից «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին, սակայն այս պահին այլ մանրամասներ չեն հայտնում՝ խոստանալով ավելի ուշ հայտարարություն տարածել:
Նշենք, որ երկու օր առաջ՝ մարտի 28-ին, Ազգային անվտանգության ծառայությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն են իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Քրեական գործն, ըստ նախնական տեղեկությունների, վերաբերում է ԱԻՆ-ում ենթադրյալ չարաշահումներին:
Նախարարի ձերբակալումը նշանակում է, որ վերջինս քրեական գործի շրջանակներում կասկածվում է որևէ հանցավոր արարքի կատարման մեջ: Դեռևս մեզ հայտնի չէ՝ նախարարը պաշտպան ունի՞, թե՝ ոչ և ի՞նչ դիրքորոշում ունի իրեն վերագրվող կակածանքի վերաբերյալ:
Այս պահին նախարար Անդրանիկ Փիլոյանն արձակուրդի մեջ է գտնվում: Նա նախարար է նշանակվել 2020 թվականին: Նույն թվականի հոկտեմբերի 23-ին Անդրանիկ Փիլոյանն արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման։
Մեկնաբանել