
Երկրորդ փորձից ՔՊ-ն հաղթեց Վեդիի ավագանու ընտրություններում
Երեկ՝ մարտի 27-ին, Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Ընտրողների մեծամասնությունը մասնակցել է քվեարկությանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական Պայմանագիր» (ՔՊ) կուսակցության օգտին քվեարկել է 13 139 (56,2%) ընտրող։ Իսկ իշխանական կուսակցության հետ ընտրապայքարի մեջ մտած «Իմ Հզոր Համայնք» կուսակցության օգտին քվեարկել է 9 694 (41,5%) ընտրող։ Անվավեր է ճանաչվել 545 քվեաթերթիկ։
ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ Հզոր համայնք» կուսակցության առաջին համարը Սպարտակ Թարթիկյանն է:
ՔՊ-ն ստացել է քվեների մեծամասնությունը և կուսակցության առաջին համարը զբաղեցնող Գարիկ Սարգսյանը նորընտիր ավագանու կողմից կընտրվի Վեդի համայնքի ղեկավար։
Վեդի խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ուներ 37 069 մարդ, որից քվեարկությանը մասնակցել է 23 378-ը կամ 63,16%-ը։
Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ Գարիկ Սարգսյանը դարձյալ գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Այդ ժամանակ ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06%, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 38,21%, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16,39%: Քանի որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չուներ, իսկ կոալիցիա կազմել չստացվեց, որոշեցին գնալ նոր ընտրությունների:
2021թ. դեկտեմբերի 16-ին թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու անդամի թեկնածուների գրանցումը: Վերջիններս ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել՝ նպատակ ունենալով Վեդիում անցկացնել նոր ընտրություններ: Սակայն այս արտահերթ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցությունն ընտրապայքարի մեջ չմտավ։
Հունվարի 4-ին կառավարությունը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:
Արտահերթ ընտրություններ նշանակելուց մեկ օր անց՝ հունվարի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նրա սանիկ Գարիկ Սարգսյանը նշանակվեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Այս հանգամանքն արդեն կասկածի տեղիք էր տալիս, որ իշխանություններն ամենևին չեն ցանկանում մրցակցային և արդար ընտրություններ անցկացնել Վեդիում: Գարիկ Սարգսյանի կրկին առաջադրումը հենց դրա վկայությունն էր: Նրան ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակելն ընկալվում էր որպես վարչական ռեսուրսի օգտագործման և անհավասար պայմանների ստեղծման փորձ:
Մեկնաբանել