
«Գիտելիքի դպրոց»-ն արդեն իրականություն է. Գևորգ Արշակյանի ընկերները իրագործում են նրա գաղափարները
«Մենք քեզ խաղաղ Շուշի ենք պարտք, ազատ Արցախ ենք պարտք, Հաղթանակ ենք պարտք»,- 2020թ. նոյեմբերի 9-ին երդվեցին Երևանի պետական համալսարանի ուսանողները, երբ հողին էին հանձնում Շուշիում հերոսի մահով ընկած ԵՊՀ-ի ուսխորհրդի գիտակրթական հանձնաժողովի նախագահ Գևորգ Արշակյանին:
Հայրենիքի նվիրյալ հերոսին ունեցած պարտքը Գևորգի համալսարանական ընկերները որոշեցին վերադարձնել նախևառաջ նրա նախագծած դպրոցն իրականություն դարձնելով: 2020թ.-ի օգոստոս ամսին զինվորական ծառայությունից վերադարձած 24-ամյա ավագ լեյտենատ Գևորգ Արշակյանն անմիջապես ձեռնամուխ էր եղել կրթական ծրագրերի իրագործմանը:
«Մինչև սեպտեմբերի 28-ը՝ ԵՊՀ-ականներից ջոկատ կազմելն ու ռազմաճակատ մեկնելը, ԵՊՀ-ի ուսխորհրդի գիտակրթական հանձնաժողովի նախագահ ընտրված Գևորգ Արշակյանը կարճ ժամանակահատվածում նախագծել էր իր պատկերացրած գիտելիքի դպրոցը, կազմել կրթական ծրագիրը: Մեզ մնում էր իրականություն դարձնել նրա մտահղացումը»,- դպրոցի հիմնադրման պատմությունն է ներկայացնում ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
Գևորգի զոհվելուց մոտ մեկ տարի անց, 2021թ. հոկտեմբերի 4-ին, ԵՊՀ ուսխորհրդի գիտական հանձնաժողովի շրջանակներում հիմնադրված դպրոցի ուսանողներն արդեն առաջին դասն էին անցկացնում: ԵՊՀ-ի 250-ից ավելի ուսանող էր դիմել դպրոցում սովորելու համար, նրանցից 130-ը հաղթահարել էր մրցութային փուլը, դասընթացի ավարտին հավաստագիր ստացավ 83 շրջանավարտ:
Երբ «Գիտելիքի դպրոց»-ն արդեն իրականություն էր, ընկերները դպրոցի առաջին շրջանավարտներին հավաստագրեր հանձնելու օրը՝ դեկտեմբերի 25-ին, այն անվանակոչեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Գևորգ Արշակյանի անունով:
«Գիտելիքի դպրոց»-ի ղեկավար Լիլիթ Իշխանյանը պատմում է, որ Գևորգն ուզում էր Սյունիքի մարզի Տաթև համայնքում գիտելիքի դպրոց հիմնել՝ Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու տրամաբանական ուսմունքների հիման վրա: «Գևորգը որոշել էր իրականացնել մի ծրագիր, որն ուսանողներին հնարավորություն կտար ակադեմիական կրթությանը զուգահեռ ստանալ ոչ ֆորմալ կրթություն՝ նպաստելով ոչ ֆորմալ կրթական ինստիտուտի ձևավորմանը և՛ մայր բուհում, և՛ մյուս համալսարաններում: Գևորգի պատկերացրածը դասընթացների ծրագիր էր, սակայն իր զոհվելուց հետո մենք որոշեցինք ծրագիրը վերածել դպրոցի և ավելի շատ դասընթացներ ներառեցինք»,- ասում է Լիլիթը:
«Գիտելիքի դպրոց»-ն առաջին փուլում 9 դասընթաց ուներ՝ յուրաքանչյուրը բաղկացած 8 դասաժամից: Երկրորդ փուլում ծրագիրն ընդլայնեցին ներառելով 15 դասընթաց՝ յուրաքանչյուրը 12-16 դասաժամ: Երկրորդ ուսումնական փուլին ավելի քան 450 դիմորդ են ունեցել, նրանցից նախ՝ մոտիվացիոն նամակ է պահանջվել, ապա հարցազրույցների միջոցով ընտրել են ուսանողներին: Առաջին փուլին միայն ԵՊՀ ուսանողները կարող էին մասնակցել, երկրորդին նաև այլ բուհերի ուսանողներ են ընդգրկվել: Հարցազրույցների արդյունքում ընտրվել է 211 մասնակից, յուրաքանչյուր դասընթացի համար ձևավորել են 15-20 հոգանոց խմբեր: Մրցութային փուլը չհաղթահարած 42 դիմորդի հնարավորություն է տրվել դասերին մասնակցել որպես ազատ ունկնդիր:
Դասերն սկսվել են փետրվարի 14-ից և յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունի ընտրելու առավելագույնը 3 դասընթաց: Հարցազրույցների միջոցով դպրոցի հիմնադիրները պարզել են, թե դիմորդը 3 դասընթացներից որում կարող է սովորել: Դպրոցի ղեկավարն ասում է, որ լինում են լավ ուսանողներ, որոնք միաժամանակ երեքում էլ սովորում են:
Մեծ թվով դիմորդներ ունենալու հանգամանքը Լիլիթը բացատրում է նրանով, որ դասընթացների մի մասը աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն: Դասավանդվող թեմաները խմբավորել են երեք բլոկներում: Մեկում խմբավորել են՝ ՏՏ պրոդուկտի կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում, ծրագրերի նախագծում և կառավարում, հասարակայնության հետ կապեր, NDP գիտություններ (նեյրոգիտություն, տվյալագիտություն, քաղաքագիտություն): Վերջին դասընթացն իրականացվում է ԱՄՆ-ից՝ առցանց եղանակով, անգլերեն և հայերեն լեզուներով:
Երկրորդում խմբավորել են՝ միջազգային հարաբերությունները նորագույն շրջանում, բացահայտելով Իրանը, բացահայտելով Թուրքիան, Հայոց ցեղասպանություն. ճանաչման գործընթացը և միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը, բանակ-հասարակություն. ժամանակակից հիմնախնդիրներ, դասընթացները:
Երրորդում ներառված են հետևյալ դասընթացները՝ տեղեկատվական պատերազմներ. մեդիագրագիտություն, ձևական տրամաբանություն և փաստարկման տրամաբանական հիմունքներ, հանրային խոսք, ժուռնալիստիկա և խոսքի մշակույթ, ձևական տրամաբանություն և փաստարկման տրամաբանական հիմունքներ, անգլերենի հաղորդակցության ակումբ:
Դասընթացավարների մեծ մասը Գևորգ Արշակյանի ուսանողական ընկերներն են՝ ԵՊՀ-ի մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորող ուսանողներ ու շրջանավարտներ: Ասում են՝ Գևորգը հենց այդպես էր պատկերացնում դպրոցը: Դասընթացավարներից մեկը Հարվարդի համալսարանի հայ ուսանող է, մյուսը՝ ավստրալիահայ, որոնք առցանց տարբերակով են անցկացնում դասերը:
«Մենք Գևորգի գաղափարի շուրջ ենք միավորվել և մեր առջև նպատակ ենք դրել Մայր բուհում ստեղծել ոչ ֆորմալ կրթական ինստիտուտ, նպաստել դրա զարգացմանը: Մեզ բոլորիս կապում է ուսանողական խորհուրդը, որի ակտիվ անդամ էր Գևորգը»,- շեշտում է Լիլիթ Իշխանյանը: Ասում է, որ Գևորգն իր համար զինվոր է, բայց ոչ միշտ համազգեստով: Նա ոչ միայն արտաքին թշնամու դեմ սահմանին էր պայքարում, այլև՝ կյանքի տարբեր բնագավառներում. պայքարում էր տգիտության, ծուլության, սպիտակ տրամաբանության դեմ: Յուրաքանչյուր պայքարի վերջում Գևորգը նպատակ ուներ, և բոլոր նպատակները կապում էր հայրենիքի հետ:
Դպրոցի ղեկավարի ասելով՝ փորձում են դասերն իրականացնել ինտրեակտիվ, ժամանակակից մեթոդներով: Օրինակ՝ «Բանակ-հասարակություն. ժամանակակից հիմնախնդիրներ» դասընթացն անցկացվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որտեղ ուսանել էր նան Գևորգ Արշակյանը և բանակ զորակոչվել որպես սպա: Կազմակերպում են ճանաչողական այցեր տվյալ դասերին համապատասխան հաստատություններ, ինչը նպաստում է, որ ուսանողները տեսական գիտելիքներից բացի, նաև գործնական հմտություններ ձեռք բերեն: Բանախոսների են հրավիրում՝ ոլորտի փորձագետներ, մասնագետներ, որոնք կիսվում են իրենց փորձով:
«Դպրոցն ունի հաջողության պատմություններ, մենք հաջողություն ենք համարում մեծ թվով ուսանողներ ունենալը: «Ինժեներական քաղաք» ճանաչողական այցերի ժամանակ մեր ուսանողներից մեկին աշխատանքի, իսկ մի քանիսին իրենց մոտ պրակտիկան անցկացնելու առաջարկ է արվել: Ուսանողներից շատերը խոստովանում են, որ դպրոցում սովորելու ժամանակ հասկացան, որ ճիշտ մասնագիտություն չեն ընտրել ու որոշել են կարիերայի փոփոխություն կատարել»,- դպրոցի ձեռքբերումներն է ներկայացնում Լիլիթը:
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ասում է, որ մայրաքաղաքի այլ բուհերից «Գիտելիքի դպրոց» ունենալու ցանկություն են հայտնում և առաջիկայում կքննարկեն մյուս համալսարաններում դպրոցներ հիմնելու հարցը: Արդեն պլանավորել են ամառային դպրոց բացել ավագ դպրոցի աշակերտների համար՝ համապատասխան ծրագրով:
«Գևորգի գործերը եղել են և կլինեն շարունակական, քանի դեռ կանք մենք՝ նրա ընկերները: Մեր առջև նպատակ ենք դրել Գևորգին մեր շրջապատի հետ ծանոթացնելով տարածել նրա ուսմունքը, նպատակները, որպեսզի Գևորգի նման հայրենիքի նվիրյալ երիտասարդություն ունենանք»,- ասում է «Գիտելիքի դպրոց»-ի ղեկավար, Գևորգ Արշակյանի գաղափարական ընկեր Լիլիթ Իշխանյանը:
Մեկնաբանել