HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքներում օրինականացնում են ինքնակամ կառույցները՝ գազալցակայան, հասարակական շինություններ, մինչև իսկ եկեղեցի

Այս տարվա հունվարի 15-ից, «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշումն ուժի մեջ մտելուց հետո համայնքներում ինքնակամ շինություններն օրինականացնելու գործընթաց է սկսվել: Համայնքների ղեկավարների որոշումներով օրինականացվում են՝ ինքնակամ կառուցված սպորտային համալիր, գազալցակայան, առևտրի կենտրոն, հանգստի և ժամանցի, կենցաղային սպասարկման շինություններ, առանձնատուն, ավտոտնակ, եկեղեցի:

Որոշումների մեծ թիվը վկայությունն է այն բանի, որ համայնքներում քաղաքաշինական նորմերի պահպանությամբ հետաքրքրված չեն, և յուրաքանչյուրն ինքն է որոշել, թե որտեղ ինչ կառուցի և ինչպես կառուցի: Ընդ որում՝ հարցը միայն սեփական հողատարածքում արված կառուցապատումներին չի վերաբերում: Եկեղեցին, սպորտային համալիրները, ժամանցի կենտրոնները և հասարակական նշանակության այլ շինություններ, կառուցվել են համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում: Իհարկե, դրանք կառուցվել են համայնքի ղեկավարի թույլտվությամբ, չնայած նրանք պարտավոր էին արգելել ինքնակամ կառուցապատումները:

Հունվար ամսից մինչ օրս Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը ինքնակամ կառույցներն օրինականացնելու 32 որոշում է կայացրել, որից 19-ը հասարակական կառույց է, 13-ը՝ բնակելի տուն՝ հարակից կառույցներով, ավտոտնակ և այլն: Համայնքի ղեկավարի որոշումով, համայնքային սեփականության հողերի վրա կառուցված հասարակական շինություններն ու ավտոտնակները նախ ճանաչվում են համայնքի սեփականություն: Նույն որոշումով փոփոխվում է հողի նշանակությունը, ապա ուղիղ վաճառքով, կադաստրային արժեքով անշարժ գույքը և հողը վաճառվում են ինքնակամ կառուցապատողին:

2018թ.-ին հրապարակել էինք, որ Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի ընտանիքին պատկանող «Դանիել-Ա» ՍՊԸ-ի գազալցակայանը 4 տարի գործում է, սակայն տարեկան գործունեության թույլտվության համար համայնքապետարանին 200 000 դրամ տուրքը չի վճարում: 2014թ.-ից գործող գազալցակայանը այդպես էլ չէր հաշվառվել եւ տեղական տուրք չէր վճարել համայնքային բյուջե տարեկան գործունեություն ծավալելու համար:

Այժմ պարզվում է, որ հիշյալ գազալցակայանը գործունեության թույլտվության անհրաժեշտություն չի ունեցել, որովհետև անօրինական կառույց է եղել: Հրազդան համայնքի ղեկավար Ս. Միքայելյանի 2022 թ. փետրվարի 3-ի թիվ N 73 որոշումով, 8 տարի գործելուց հետո է միայն օրինականացվում գազալցականը. «Օրինական ճանաչել Անաստաս Դանիելյանի կողմից Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհ 4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցած շինությունները՝ 12818 քմ արտաքին մակերեսով օպերատորակայանը, գազահաշվիչի դիտակետը և զուգարանը»:

Համայնքի ղեկավարը, հղում կատարելով «Հաբշին նախագիծ» ՍՊԸ-ի տված տեխնիկական եզրակացությանը, հավաստում է. «Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք»:

Եթե հնարավոր է այդպիսի մի եզրակացությամբ գազալցակայան շահագործել, ուրեմն ինչո՞ւ են մյուսներից շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, անվտանգ շահագործման փորձաքննություն և այլ փաստաթղթեր պահանջում: Տվյալ դեպքում, եթե գազալցակայանը չի օրինականացվել, նշանակում է այն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում չի ունեցել, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում տեխնիկական սպասարկման և անվտանգ շահագործման փորձաքննություն չի անցել, «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու» մասին որոշման պահանջները բավարարելու հավաստում չի ունեցել:

Հասարակական շինությունները համայնքների ղեկավարներն օրինականացնում են՝ հիմք ընդունելով «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» տրամադրած տեխնիկական եզրակացությունը:

Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը 2022թ. մարտի 9-ի թիվ 129 որոշումով իրազեկում է, որ «...անհրաժեշտություն է առաջացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով և հարակից համայնքային սեփականություն հանդիսացող 0,0508 հա մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված եկեղեցին և եկեղեցապատկան կառույցները ճանաչել օրինական»:

Արարատ քաղաքում Ս Ամենափրկիչ եկեղեցու կառուցումը մեկնարկել էր 2011թ-ին և ավարտվել է 2018թ.-ին: Համայնքապետի որոշումով օրինական է ճանաչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականության իրավունքը եկեղեցու և եկեղեցապատկան կառույցների, ինչպես նաև դրանց զբաղեցրած 0,0508 հա մակերեսով համայնքային սեփականության հողամասի նկատմամբ անհատույց, առանց սույն օրենքով նախատեսված վճարների գանձման:

«Արարատ քաղաքում ինքնակամ կառուցված ու օրինական ճանաչված եկեղեցու և եկեղեցապատկան կառույցների նկատմամբ՝ եկեղեցի, մոմավառության սրահ, հովվատուն, սանհանգույց, երկու պահակատուն, ճանաչել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականության իրավունքը՝ համաձայն կից օրինական ճանաչված կառույցի և զբաղեցված հողամասի հատակագծերի»,- ասվում է որոշման մեջ:

Համայնքներում ինքնակամ կառույցներն օրինականացնելու մասին որոշումներից պարզ է դառնում, որ ինքնակամ են ոչ թե կցակառույցները, պարիսպը, խորդանոցը, ավտոտնակը և այլն, այլ՝ առանձնատներ, հասարակական շինություններ, գազալցակայան, եկեղեցի՝ հարակից շինություններով և այլն: Ճարտարապետ-քաղաքային պլանավորող, «Ուրբանլաբ»-ի հիմնադիր Սարհատ Պետրոսյանին խնդրեցինք մեկնաբանել մեծ թվով ինքնակամ կառույցների գոյության և այդքան լայն ընդգրկում ունենալու պատճառները:

«Առհասարակ ինքնակամ կառույց հասկացությունը, առավել ևս դրա օրինականացումը տարօրինակ հասկացություններ են։ Քաղաքաշինության բնագավառում առկա իրավիճակն ու հատկապես կոռուպցիան այս բնագավառում մարդկանց ստիպում են ինքնակամ կերպով կառուցել, քանի որ դա երբեմն ավելի էժան է և արագ, հատկապես եթե կան օրինականացման կրկնվող ցիկլերը։ Այսինքն՝ փոխանակ վերլուծվեն ու բացահայտվեն ինքնակամ շինարարության պատճառները, հանրային ու հատկապես քաղաքացիական իշխանությունները երկրորդ «հերթով» կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացներ են նախաձեռնում ու տեղերում ստանում տնտեսական, նաև՝ քաղաքական դիվիդենտներ՝ ընտրությունների ձայների դիմաց»,- հայտնեց Սարհատ Պետրոսյանը։

Ինքս նկատել եմ, որ համայնքապետարանները խրախուսում են ապօրինի շինությունների կառուցումը, որի համար սկզբում տուգանում են, ապա օրինականացնում ինքնակամ կառույցը: Պատճառը, գուցե, այն է, որ օրինական ընթացակարգով կառուցապատում իրականացնելու համար քաղաքացին նախ պետք է աճուրդի մասնակցի և հավանական է, որ հողը ձեռք կբերի շուկայական արժեքով, այնուհետև նախագիծ պետք է պատվիրի, տեխնիկական և անվտանգային կանոններն ապահովելու հավաստագիր ձեռք բերի և այլն:

Համայնքապետարանը նույնպես աշխատանք ունի իրականացնելու, նախ՝ օտարելուց առաջ հողի նշանակությունը պետք է փոփոխի, աճուրդ հայտարարի, որից հետո շինթույլտվություն տա, վերահսկի և այլն: Ինչո՞ւ ընտրել աշխատատար ու բարդ ճանապարհը, եթե որոշ ժամանակ հետո հնարավոր է պարզեցված ընթացակարգով, բազմաթիվ վճարումներից խուսափելով, այդ թվում՝ համայնքին վճարելիք տարեկան հարկերից և տուրքերից՝ մեկ որոշումով օրինականացնել ինքնակամ շինությունը:

Համայնքների ղեկավարները մեկ որոշումով ինքնակամ կառուցված հասարակական շինությունները ճանաչում են համայնքի սեփականություն, փոխում են հողամասի գործառնական նշանակությունը, հողամասն ու անշարժ գույքը կադաստրային արժեքով, գնման նախապատվության իրավունքով` ուղղակի վաճառքի միջոցով օտարում են կառույցն իրականացրած անձին: Ինչո՞ւ քաղաքացին նախապատվությունը չպետք է տա այս տարբերակին, եթե հնարավոր է մեկ որոշումով լուծել բոլոր հարցերը:

Ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը մեր հարցին, թե համայնքներում ինչո՞ւ են կառուցապատման համար այսպիսի ընթացակարգ ընտրել, մինչդեռ, իրենք պետք է արգելեին ապօրինի շինարարությունը, պատասխում է. «Ինչպես արդեն նշեցի՝ քաղաքաշինության բնագավառի կոռուպցիան, հետեւաբար, իրավակարգավորումները փոխելու մոտիվացիան գրեթե զրոյական է։ Չկա դրա թե՛ քաղաքական ցանկությունը, և որ ավելի ցավալի է՝ մասնագիտական կարողությունը։ Բերեմ մի օրինակ. այս վերջին օրինականացման ալիքը իրականացվում է՝ հղում տալով 2021թ.-ին իրականացված օդալուսանկարահանմանը։ Ընդունենք, թե դա տեղի է ունեցել, չնայած դրանից գրեթե ոչ ոք տեղյակ չէ, միաժամանակ չկա որևէ հավաստի տվյալ, որ ինչ-որ մեկը տիրապետում է ինքնակամ կառույցների վերաբերյալ տվյալներին։ Սակայն, Կառավարության նիստին քննարկվում է մի բան, որն ի սկզբանե հնարավոր չէ իրականացնել»։

Հետաքրքիր է նաև ավտոտնակներն օրինականացնելու գործընթացը՝ համայնքի ղեկավարի որոշումով ավտոտնակը ճանաչվում է համայնքային սեփականություն, որից հետո այն ավտոտնակի զբաղեցրած հողատարածքի հետ միասին ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով վաճառում են կառուցողին: Հասկանալի է, որ դրանք չէին կառուցվի ժամանակին, եթե համայնքապետերի թույլտվությունը չլիներ, իսկ դա առանց վճարի չէր լինում:

«Քաղաքացին կրկնակի չի՞ վճարում, արդյոք, ավտոտանկի համար» մեր հարցին Ս. Պետրոսյանը պատասխանեց, որ դրա վերաբերյալ կարգավորումներ կրկին չկան։ «Օրինակ՝ ասում են օրինականացնում են քաղաքաշինական նորմերին չհակասողները։ Հիմա հարց՝ որո՞նք են այդ նորմերը և ինչպե՞ս են գնահատում այդ նորմերը։ Համայնքի աշխատակիցների ակնադիտական դիտարկումներո՞վ, թե՞ դրա համար կան որակավորված կամ արտոնագրված մասնագետներ»,- հայտնեց ճարտարապետը։ Վերջինս նշեց, որ եթե համայնքապետարաններում այդքան լավ են տիրապետում քաղաքաշինական նորմերին, ապա ինչո՞ւ են փորձաքննություն իրականացնում քաղաքաշինական փաստաթղթերի դեպքում։ Կրկնակի վաճառքի տրամաբանությունն անհասկանալի է, բնականաբար, ինչպես և հասկանալի չէ, թե ինչո՞ւ են այդ հողերը դեռ համայնքային սեփականություն մնում և ոչ թե, օրինակ, բնակիչների կամ համատիրության սեփականություն։ «Այդ բնագավառում առկա են բազմաթիվ նմանատիպ իրավիճակներ, այնպես որ պետք չէ զարմանալ անտրամաբանական շարունակական գործընթացներից»,- հայտնեց զրուցակիցս։

Կառավարության որոշումով ինքնակամ կառույցները հաշվառելու ժամկետներ են սահմանված, որից հետո կօրինականացվեն այն ինքնակամ կառույցները, որոնք Կադաստրի կոմիտեում հաշվառվել են սահմանված ժամկետներում: Պաշտոնյաները պարբերաբար հիշեցնում են, որ դրանից հետո այլևս ինքնակամ շինությունները չեն օրինականացվելու: Այդ հայտարարություններին դժվար է հավատալ, քանի դեռ իրավական կարգավորումներ չեն ստեղծել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter