
«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետից և ԱԳ նախարարից զեկույցներ է պահանջում. նախագիծ
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը փոփոխություններ է առաջարկում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:
Նախագծով նախատեսվում է, որ արտաքին գործերի նախարարը տարեկան չորս, իսկ վարչապետը երկու անգամ Ազգային ժողով ներկայացնեն զեկույց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, վարվող բանակցությունների և ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ:
Նախագծում նշվում է, որ զեկույցը քննարկվելու է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության բնագավառներում իրավասու ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում՝ առանց որեւէ փաստաթղթի ընդունման: Սակայն պատգամավորների մեկ քառորդի պահանջով զեկույցը կարող է քննարկվել նաև Ազգային ժողովի հերթական նիստերում:
Նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է արվում արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված վիճակին, ինչպես նաև այն հանգամանքին, որ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարել խորհրդարանական կառավարման ձևին, ուստի շատ ավելի կարևորվում է Ազգային ժողովի դերը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության և ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության երաշխավորման մեխանիզմների ամրապնդման տեսանկյունից:
Նաև նշվում է այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպությունների ու միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ հարաբերություններում հաճախ ի պաշտոնե ՀՀ շահերը ներկայացնում են վարչապետը և արտաքին գործերի նախարարը, ուստի կարիք է առաջանում, որպեսզի պատգամավորները տեղեկացված լինեն վերոնշյալ պաշտոնյաների կողմից Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող բանակցություններից:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում բանակցային գործընթացները կրում են շատ ինտենսիվ բնույթ, և պետության համար չափազանց զգայուն հարցերով տարաբնույթ միջազգային հարթակներում և ձեւաչափերով տարվա մեջ առնվազն մի քանի անգամ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, անհրաժեշտություն է առաջանում կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու, ինչը հնարավորություն կտա Ազգային ժողովի պատգամավորներին տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված կամ քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի և ոլորտային այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ»,-նշվում է նախագծում:
Ըստ հեղինակի` նախագծի ընդունման պարագայում Ազգային ժողովի պատգամավորներն առաջին ձեռքից և արդյունավետ պարբերականությամբ տեղեկացված կլինեն Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի ու դրանից բխող խնդիրների հայամետ հանգուցալուծմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Նշենք, որ նախագծի վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցությունը երկուշաբթի նախաձեռնել է խորհրդարանական լսումներ:
Մեկնաբանել