
Ինչո՞ւ պակասեցին ՀՅԴ-ի տեղերը խորհրդարանում
«Սա առաջին համապետական ընտրությունն է, երբ ՀՅԴ-ն մասնակցում էր առանց Ռոբերտ Քոչարյանի»,- այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նրա կարծիքով՝ սա պատճառներից մեկն է, որ ՀՅԴ-ն այս ընտրություններին ավելի քիչ ձայներ հավաքեց. Ռ. Քոչարյանի ղեկավարման տարիներին ՀՅԴ-ն ուներ քարոզչության բազում միջոցներ ու հնարավորություններ:
Սակայն կա նաև այլ պատճառ: Ա. Կարապետյանի խոսքով՝ յուրաքանչյուր քայլ ունի իր գինը, և պետք է հասկանալ, թե ինչ գին են վճարում ՀՀ իշխանությունները այս ընտրությունների դիմաց: Հայաստանում կշարունակվի նույն իրավիճակը, և «ոնց որ թալանել են, այդպես էլ շարունակելու են»:
Արտաքին քաղաքականության մեջ, Ա. Կարապետյանի համոզմամբ, այդ գինը հայ-թուրքական հարաբերությունները և ԼՂ հիմնախնդիրն են: Ներկա իշխանությունները վատաբանում են Թուրքիային, սակայն Հայաստան-Թուրքիա արձանագրությունները շարունակում են մնալ օրակարգում:
Ա. Կարապետյանի համոզմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունները ձեռնտու են միջազգային հանրությունը, քանի որ վերջինս ցանկանում է, որ Հայաստանը լուծի իր խնդիրները հարևանների հետ: Հենց այդ ուղղությամբ էլ զարգանում են իրադարձությունները: Միջազգային հանրությանը Հայաստանում պետք է քաղաքական այնպիսի դասավորվածություն, որի միջոցով միջազգային հանրությունը կիրականացնի իր ծրագրերը:
Ա. Կարապետյանի տեղեկություններով՝ նման ծրագրի իրականցման դեպքում կյանքի կկոչվի նաև Էրդողանի դեռևս անհայտ խոստումը, որով նա պատրաստ է Հայաստանում ներդնել տարեկան 3-4 մլրդ դոլար:
ՀՅԴ-ն այն քաղաքական ուժերից էր, որն ի սկզբանե դեմ էր հայ-թուրքական հարաբերություններին: Այժմ ՀՅԴ խմբակցության պատգամավորների թիվը նվազեց խորհրդարանում: Արձանագրություններին դեմ էր նաև «Ժառանգությունը», սակայն նրան միացած և խորհրդարան անցած «Ազատ դեմոկրատները» կողմ են եղել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Արդյունքում, այն ուժերը, որոնք դեմ էին Հայաստան-Թուրքիա արձանագրություններին, կամ չկան խորհրդարանում, կամ էլ շատ քիչ են:
«Կամաց-կամաց հրվում ենք հայ-թուրքական սահման»,- հայտարարեց Ա. Կարապետյանը:
Մեկնաբանել