
Արամ Կարապետյան. «Չի կարող լինել կիսահղի կոալիցիա»
Դեռևս ընտրություններից առաջ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել էր, որ կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին, քանի որ դրանք ծրագրված են և կեղծվելու են:
Այսօր՝ արդեն ընտրություններից հետո, Ա. Կարապետյանն ասաց, որ իր ասածները համընկան իրականության հետ. «Նկարվել են թվեր, որոնք ոչ մի եզր չունեն իրականության հետ»:
Նրա խոսքերով՝ արդեն կարևոր չէ, թե ինչպես են ընտրությունները կեղծվել: Այս պարագայում կարևոր է երկու հարց: Նախ, ընտրությունների արդյունքում չստեղծվեց քաղաքական իրական պատկերը, պարզ չէ, թե ժողովուրդը որ ուժին որքան ձայն է պատրաստ տալ:
«Հայաստանում քաղաքական պայքար չի գնում, պայքարը գնում է իշխանությունը կիսելու մեջ, կռվում են չափաբաժինների համար»,- հայտարարեց Ա. Կարապետյանը:
Երկրորդ, հասկանալի չէ, թե ինչպիսին կլինի Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացումը, կա միայն «ազգային օլիգարխիայի գաղափարախոսություն»:
Ա. Կարապետյանի կարծիքով՝ ՀՀԿ-ից մնաց միայն նրա կարգախոսը՝ «Հավատանք, որ փոխենք», սակայն Սերժ Սարգսյանն այդպես էլ իրական լուծումներ չի առաջարկել: Իսկ ՀԱԿ-ն ընտրապայքարի մեջ մտավ այն ժամանակ, երբ ուներ ամենացածր վարկանիշը:
Ա. Կարապետյանի խոսքերով՝ Հայաստանի քաղաքական դաշտը դեռ երկար ժամանակ ընկալվելու է որպես սև ու սպիտակ. կա արմատական ընդդիմություն, որը սպիտակ է և դեմ է սև իշխանությանը: Եվ հենց սև ու սպիտակը խառնվում են, տպավորություն է ստեղծվում, որ տվյալ ուժը ծախվեց:
Ժողովրդի պատկերացումներում կան կոալիցիա և արմատական ընդդիմություն, իսկ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը դեռ կոալիցիա են, և Ա. Կարապետյանի խոսքերով՝ «չի կարող լինել կիսահղի կոալիցիա»:
Սակայն ԲՀԿ-ն, նրա կարծիքով, արհեստականորեն ներկայացվեց ընդդիմության դաշտում, վերցրեց ՀԱԿ-ի ձայները՝ թուլացնելով արմատական ընդդիմությանը:
Այստեղ հարց է առաջանում. արդյոք ԲՀԿ-ն կրկին կմտնի՞ կոալիցիայի մեջ, թե՞ ոչ: Ա. Կարապետյանի կարծիքով՝ եթե ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի, ապա այն պետք է դառնա կենտրոնամետ ընդդիմություն, իսկ դրան կհաջորդեն հարձակումներ ԲՀԿ-ականների բիզնեսների վրա, քաղաքական հետապնդումներ և այլն:
ԲՀԿ-ն դեռևս լռում է, և այս ինտրիգը կպահի մինչև սեպտեմբեր: Ա. Կարապետյանի խոսքերով՝ ինտրիգն այն է, թե որքանով ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ:
Ա. Կարապետյանը կարծիքով՝ ընտրությունները մեծ արձագանք կստանան սեպտեմբերին: Այդ ժամանակ արդեն քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն՝ մասնակից լինել իշխանության կիսմա՞նը, թե՞ քաղաքական լուրջ գործընթացին:
Մեկնաբանել