
Ինչո՞ւ է 13 տարի ընդդիմությանն ընտրած ժողովուրդը ձայն տալիս իշխանությանը
«Թյուր է այն կարծիքը (որը պարտադրում է իշխող կուսակցությունը), որ ժողովուրդը քվեարկել է փողով: Ճիշտ է, որ քվեարկել է փողով, բայց ինչո՞ւ է այդպես արել»,- այսօրվա մամուլի ասուլիսում իր իսկ տված հարցին փորձեց պատասխանել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նա նշեց, որ 1995-2008թթ. նախագահական բոլոր ընտրությունների ժամանակ ժողովուրդն իր ձայնը տվել է ընդդիմադիր թեկնածուի: Այլ հարց է, որ ընդդիմադիր ուժերին չի հաջողվել այդ ձայները վերածել իրական հաղթանակի:
Այժմ իշխող կուսակցությունը կրկին ստացել է ձայների մեծամասնությունը: Ստացվում է, որ իշխանությունները որքան ավելի շատ են ճնշում ժողովրդին, այնքան ժողովուրդն ավելի շատ ձայն է տալիս նրանց: Ա. Կարապետյանը դա որակում է որպես քաղաքական nonsense:
«Նոր ժամանակների» նախագահն առաջարկում է ժողովրդին այլևս չդնել գրտնակի տակ, որովհետև դա ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և այլոց, ովքեր ուզում են համոզել, որ այս երկրում փողով կարող են անել ամեն ինչ:
Նրա խոսքով՝ 13 տարի ընդդիմությանը ձայն տված ժողովուրդը միայն 2 դեպքում է փող վերցրած գնում ընտրության: Առաջին. երբ չի կարևորում ընտրությունները, և անվավեր քվեաթերթիկների մեծ քանակը ցույց է տալիս, որ ժողովուրդն այս ընտրություններից ոչ մի ակնկալիք չունի: Երկրորդ. երբ տեսնում է, որ ընդդիմությունը «խաղեր է տալիս», և չի տեսնում այն ուժը, անհատին, ով կարող է փոխել այս իրավիճակը: Այս պարագայում մարդիկ գերադասում են վերցնել առաջարկվող փողը, գնալ ընտրության, քանի որ միևնույնն է՝ ոչինչ չի փոխվելու:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել