
Մակրոնը կարծում է, որ «վատթարագույնն առջեւում է», և որ Պուտինի նպատակը «ամբողջ Ուկրաինան վերահսկելն է»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 3-ին իր ֆրանսիացի գործընկերոջ հետ մեկուկես ժամանոց հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է, որ ռուսական ռազմական օպերացիան կծավալվի եւ իրավիճակը կսրվի, եթե ուկրաինացիները չընդունեն իր պայմանները։ Այս մասին գրում է ֆրանսիական մամուլը։
«Մտահոգիչ երկխոսություն. Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում «վատթարագույնն առջեւում է»,- ֆրանսիացի լրագրողներին հայտնել են Ելիսեյան պալատից։ Հեռախոսազրույցը կայացել է Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Վերջինս ցանկացել է «տեղեկացնել Էմանուել Մակրոնին ստեղծված իրավիճակի և իր մտադրությունների մասին»։ Նա վերահաստատել է իր վճռականությունը՝ «անզիջում պայքար մղելու ուկրաինացի ազգայնականների դեմ»։
ՌԴ նախագահն ասել է, որ ռուսական ռազմական օպերացիան ընթանում է Մոսկվայի մշակած «պլանի համաձայն, եւ եթե ուկրաինացիները չընդունեն իր պայմանները, իրավիճակն ավելի կբարդանա»: Սա Պուտին-Մակրոն երրորդ հեռախոսազրույցն է փետրվարի 24-ին Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո։
Միաժամանակ, Պուտինն անհամաձայնություն է հայտնել նախօրեին Ուկրաինայի թեմայով Էմանուել Մակրոնի ունեցած ելույթի առնչությամբ, որում Մակրոնը Ռուսաստանն անվանել էր ագրեսոր երկիր։ «Այս պատերազմը հակամարտություն չէ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ, առավելեւս՝ պայքար նացիզմի դեմ, դա սուտ է»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը։
Լուսանկարը՝ PIROSCHKA VAN DE WOUW / REUTERS
Մեկնաբանել