
Փոխդատախազի կինը շարունակում է տասնյակ միլիոնների հանդերձանք մատակարարել պետական մարմիններին
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանի կնոջ՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանի ընկերությունը տասնյակ միլիոնավոր դրամների հանդերձանք է մատակարարում պետական գերատեսչություններին։ Խոսքը «Անգա Տրանս» ՍՊԸ-ի մասին է, և նրա հաճախորդների թվում են Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ), Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ), պաշտպանության նախարարությունը և այլն։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Անգա Տրանս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021թ․ հունվարի 21-ին։ 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Վիկտորյա Մելիք-Սարգսյանն է։ Ընկերությունը գնումների գործընթացին սկսել է մասնակցել նույն տարվա ապրիլից։
Վերջին մեկ տարվա ընթացքում փոխդատախազի կնոջը պատկանող ընկերության և պետական տարբեր գերատեսչությունների միջև կնքվել է ընդհանուր 26 գնման պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 340 միլիոն դրամ։ Դրանցից ամենախոշորը կնքվել է ոստիկանության հետ 2021 թվականի դեկտեմբերին։ 57 միլիոն դրամի դիմաց «Անգա Տրանս» ՍՊԸ-ն ոստիկանությանը վերնաշապիկներ է մատակարարել։
Միայն 2022-ի այս երկու ամիսների ընթացքում ընկերությունն արդեն իսկ հասցրել է 7 պայմանագիր կնքել պետական մարմինների հետ։ Վերջին պայմանագիրը կնքվել է 3 օր առաջ՝ մարտի 1-ին Ազգային անվտանգության ծառայության հետ։ 36 միլիոն դրամի դիմաց «Անգա Տրանս» ՍՊԸ-ն ԱԱԾ կարիքների համար վերարկուներ, վերնաշապիկներ, բաճկոններ և տաբատներ կմատակարարի։
Ի դեպ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ «Անգա Տրանս» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում ներառելու վերաբերյալ ընթացակարգ է մեկնարկել։
2021թ․ հոկտեմբերի 20-ին պաշտպանության նախարարության և «Անգա Տրանս» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով՝ ընկերությունը պետք է 1 միլիոն 50 հազար դրամի ուսադիրներ մատակարարեր պաշտպանական գերատեսչությանը, սակայն ըստ ՊՆ-ի՝ ուսադիրները չեն մատակարարվել, և գնման պայմանագիրը ՊՆ-ի կողմից միակողմանի լուծվել է։
Մարտի 4-ին նախատեսված է «Անգա Տրանս» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում ներառելու ընթացակարգի քննության նիստը, և եթե բողոքները քննող անձը բավարարի ՊՆ-ի դիմումը, ապա ընկերությունն այլևս չի կարողանա մասնակցել գնումների գործընթացին որոշակի ժամանակով՝ կախված նիստի արդյունքներով կայացված որոշումից։
Հիշեցնենք, որ «Անգա Տրանս» ՍՊԸ-ն Վիկտորյա Մելիք-Սարգսյանի միակ ընկերությունը չէ, որը հանդերձանք է մատակարել պետական գերատեսչություններին։ Նախորդ տարի «Հետքը» գրել էր, որ «Մանանկ» և Պահապան» ՍՊԸ-ները հարյուր միլոինավոր դրամների հանդերձանք են մատակարարել պետական տարբեր կառույցների, հիմնականում ուժայիններին։ Ներկայում այդ երկու ընկերությունները գնումների գործընթացին չեն մասնակցում։
Մեկնաբանել