HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Զբոսաշրջիկները գիշերակացի համար հյուրանոցային հարկ կվճարեն

Հայաստանում նախատեսվում է hյուրանոցային հարկ ներդնել, որը զբոսաշրջության մեջ մտնող հարկի ենթատեսակ է։ Հարկ վճարողները հյուրանոցներն են, պանդոկները, իջևանատները, հյուրատները, ինչպես նաև՝ սեփական բնակարանները կարճաժամկետ վարձակալության տրամադրելու ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռներեցները։

«Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը մշակվել է «Հայաստանում ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը: Նախագիծն օրերս քննարկվեց տեղական ինքնակառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ, հարկատեսակը սահմանելու հիմնավորումները ներկայացրեց ԵԽ-ի երևանյան գրասենյակի փորձագետ Արտակ Երգենյանը: Ըստ փորձագետի՝ եվրոպական երկրներում հյուրանոցային հարկի կիրառման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս հարկատեսակը համայնքի ֆինանսական կարողությունների ինստիտուցիոնալ բարելավման կարևոր խթան է հանդիսացել:

Եվրոպայի բազմաթիվ քաղաքների հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկներից և քաղաքացիներից գիշերակացի վճարի հետ մեկտեղ, գանձվում է որոշակի հավելյալ տոկոս կամ ֆիքսված միանվագ գումար (մեկ անձի համար՝ 2-7 եվրո), որը կոչվում է հյուրանոցային կամ զբոսաշրջային հարկ: Հյուրանոցային հարկը գանձվում է միայն գիշերակացի՝ մեկ գիշերվա հաշվով հաշվարկված ծառայության դիմաց, որն այնուհետև տեղական հարկի տեսքով ուղղվում է համայնքի բյուջե:

Եվրոպական փորձի հիման վրա առաջարկվում է Հայաստանում նույնպես հյուրանոցային հարկը սահմանել որպես տեղական հարկատեսակ: Նաև սահմանել հարկի դրույքաչափի սանդղակ, որի շրջանակներում համայնքի ավագանին կսահմանի հյուրանոցային հարկի իր դրույքաչափը: Հարկային դրույքաչափի տարբերությունը համայնքների միջև չպետք է չափազանց մեծ լինի, քանի դեռ դա արդարացված չէ այնպիսի գործոններով, ինչպիսիք են ծառայությունների տարբեր մակարդակներ:

Յուրաքանչյուր եռամսյակ հյուրանոցային հարկի տեսքով որոշակի գումար կմուտքագրվի համայնքի բյուջե: Համայնքն այն կտնօրինի զբոսաշրջության գովազդման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման կամ բարելավման, շրջակա միջավայրի պահպանման՝ զբոսաշրջիկների և քաղաքացիների համար համայնքի բնակավայրերն ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Դրանով զբոսաշրջիկները կմասնակցեն հանրային ծառայությունների պահպանմանը՝ պուրակներ, լուսավորություն, պատմամշակութային հուշարձաններ և այլն։

Եվրոպայի խորհրդի փորձագետ Վիերի Չերիանին (Իտալիա) քննարկման մասնակիցներին ներկայացրեց Եվրոպայում հյուրանոցային հարկի ներդրման պատմությունը: Փորձագետը հայտնեց, որ հարկատեսակն առաջին անգամ ներդրվել է Իտալիայում 1910թ.-ին, այն ներդրվել է որպես հատուկ հարկ՝ հանգստյան, հետո ծովափնյա վայրերի համար, այնուհետև տարածվել է զբոսաշրջության բոլոր վայրերի նկատմամբ։ Եվրոպական 30 երկրից 21-ը այս հարկը կիրառում է։ Սեզոնայնությամբ պայմանավորված՝ հարկի չափը փոփոխվում է, Իտալիայում անգամ գոտիավորված է եղել հարկի դրույքաչափը՝ կենտրոնի համար հարկն ավելի բարձր է սահմանվել։ Զբոսաշրջիկի երկար մնալու դեպքում գինը զեղչվում է։ Հյուրանոցի սեփականատերը կարող է հարկային բեռն իր վրա վերցնել, որպեսզի զբոսաշրջիկին չկորցնի։

«Որոշ ժամանակ հետո, հյուրանոցների տերերի խնդրանքով, հարկը հանվել է, որովհետև մտածել են, որ այն կարող է բացասաբար ազդել զբոսաշրջիկների թվի վրա։ Սակայն, երբ հարկը հանվեց՝ զբոսաշրջիկների թիվը դրանից չավելացավ»,- նշեց պրն Չերիանին։ Փորձագետը շեշտեց, որ միայն գիշերակացի սենյակի համար սահմանված վարձից է հարկը գանձվում, հյուրանոցային մյուս ծառայությունների համար հարկ չի գանձվում։ Հարկատեսակը պետք է սահմանված լինի օրենսդրությամբ, և ներդնելը պետք է կամավոր լինի։

Այդուհանդերձ, որքանո՞վ է արդիական այդ հարկատեսակը հիմա Հայաստանում ներդնելը, երբ համավարակի և պատերազմի պատճառով զբոսաշրջությունը զգալի նահանջ է ունեցել մեր երկրում: Արտակ Երգենյանը «Հետք»-ի հարցին պատասխանեց՝ հղում կատարելով Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության հրապարակած տվյալներին, ըստ որի՝ 2019թ.-ին Հայաստան է այցելել 1 մլն 894 հազար զբոսաշրջիկ, որոնք առնվազն մեկ օր գիշերել են Հայաստանում։ 2020թ.-ին այդ թիվը նվազել է մոտ 70%-ով, իսկ 2021թ.-ին՝ 65%-ով։

«Հյուրանոցային հարկի հիմնական նպատակը՝ հնարավորինս շատ եկամուտների գեներացումը չէ։ Նպատակը տեղական նոր հարկատեսակի ներդրումն է՝ հնարավորություն տալով տեղական իշխանություններին, ավագանու որոշմամբ հաստատել տեղական հարկերի քաղաքականությունը։ Սա ձևավորում է տեղական հարկերի վերաբերյալ որոշումների կայացման ինդեքս՝ Հայաստանի տեղական իշխանությունների համար»,- ասաց փորձագետը:

Պրն Երգենյանը նշեց, որ հարկման արդյունքում զբոսաշրջիկից ստացված հարկը ծախսվելու է համայնքում՝ զբոսաշրջության գովազդման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման կամ բարելավման, շրջակա միջավայրի պահպանման նպատակով: Այդ մուլտիպլիկատիվ արդյունքի հիման վրա համայնքն ավելի գրավիչ կդառնա, նոր զբոսաշրջիկներ կայցելեն համայնք և կգիշերեն այդ նույն հյուրանոցներում՝ հյուրանոցների համար գեներացնելով նոր եկամուտներ։

Մեր այն հարցին, թե անբարեխիղճ մրցակցություն ստեղծելու վտանգներ չե՞ն տեսնում հարկատեսակը սահմանելու հարցում: Համայնքը կարո՞ղ է հյուրանոցային հարկ սահմանելուց հրաժարվել, որի հետևանքով զբոսաշրջային ծառայություններ մատուցողները նախապատվությունը տան այն համայնքներին, որոնք հարկ չեն սահմանել։

«Համայնքները պարտադիր պետք է կիրառեն հյուրանոցային հարկը՝ անհավասար մրցակցությունից խուսափելու և տեղական հարկի ներդրմամբ նոր եկամտի աղբյուր ունենալու հանգամանքներով պայմանավորված»,- ասաց Արտակ Երգենյանը։

Համայնքի բյուջե վճարված հյուրանոցային հարկի միջոցների տնօրինման կարգը, ըստ նախագծի, սահմանվելու է ավագանու որոշմամբ, ավագանին կարող է որոշել, թե ինչպես ծախսել գումարը։ Յուրաքանչյուր բյուջետային տարվա համար, համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա համայնքի ավագանու որոշմամբ՝ նախորդ տարվա հուլիսի 1-ից ոչ ուշ, սահմանվում է համայնքի վարչական տարածքում գործող հյուրանոցային հարկի միասնական դրույքաչափը: Հյուրանոցային հարկ վճարողները հյուրանոցային հարկի դրույքաչափն՝ առանձին տողով, արտացոլում են իրենց կողմից դուրս գրվող  հաշվարկային փաստաթղթերում։

Նախագծով հյուրանոցային հարկից կազատվեն Կառավարության որոշմամբ սահմանամերձ ճանաչված համայնքներում գործող հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք:

Ծրագիրն իրականացնող ԵԽ-ի աշխատանքային խումբը առաջիկայում պատրաստվում է նախագիծը քննարկել նաև զբոսաշրջային ոլորտի մասնագետների և հյուրանոցային բիզնեսով զբաղվողների հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter