
Սեյրան Օհանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին
«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում իր ելույթով անդրադարձավ երեկվա միջադեպին, երբ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը վերածվեց լեզվակռվի, ապա ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը: Ամեն ինչ սկսվել էր նրանից, երբ պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, խոսելով ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին, հարցրել էր, թե ինչ է անելու Կառավարությունը, երբ ՌԴ-ն հացահատիկի արտահանման արգելք կիրառի: Պատգամավորը նաև հայտարարել էր, որ Հայաստանի հացահատիկի պաշարների մեծ մասը մնացել է Արցախում, այն շրջաններում, որոնք իշխանությունը հանձնել է:
Օհանյանի խոսքով` պատգամավորի բարձրաձայնած մտահոգությանն ի պատասխան «Կառավարության ղեկավարն իր վարքագծին բնորոշ շեղեց հարցի պատասխանը և այն տարավ քաղաքական դաշտ»:
«Այս հարցի շրջանակներում ես ստիպված եմ պատասխանել այն հրապարակային արտահայտությանը, որ Կառավարության ղեկավարն ասաց` ընդդիմության ներկայացուցիչները թող պատասխան տան` Սանասա՞ր, թե՞ Կուբաթլու»,- ասաց նա:
Պաշտպանության նախկին նախարարի ներկայացմամբ` 1994 թվականի հրադադարի պայմանագրի հաստատումից հետո, հայկական երկու պետությունները միասնական կուռ համակարգ են եղել և տնտեսության զարգացման ոլորտում, և անվտանգության ոլորտում:
Օհանյանն անդրադարձավ Փաշինյանի այն մեղադրանքներին, որ իր պաշտոնավարման շրջանում իշխանությունները բանակցել են տարածքներ հանձնելու շուրջ:
«Իմ ղեկավարները երբևիցե բանակցային շրջանակներում չեն ասել՝ հետ քաշեք զորքերը, հակառակը` ասել են ամրապնդեք դիրքերը, և այդ դիրքերը ամրապնդվել են հետագայում բանակցային գործընթացում` մեր շահերի պաշտպանության խնդիրներն իրականացնելու համար»,- ասաց Օհանյանը:
Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ 1993 թվականին Կուբաթլուի բնակավայրը անվանակոչվել է Սանասար:
«Գաղափարական առումով հայրենիքի ազատագրման առումով այն մեզ համար Սանասար է, բայց ազատագրումից 27 տարի անց այն դարձել է Կուբաթլու, տվել ենք, թե հետ է վերադարձվել է, թե… Այդ բնակավայրերը իմ համար Սանասար է, մարդիկ այդ հողերի համար պայքարել են, կյանք են տվել, թե ում համար է Կուբաթլու, հետագա բանակցությունների ընթացքում այն հայտնի կլինի: Այդ հողերը թողնվել են այսօրվա քաղաքական մեծամասնության իշխանության ժամանակ: Առանց մարտերի հանձվել է Շուշին, Հադրութը, էստեղ ուրիշ տեսակետ կա՞, որ այն հանձնվել է ու հանձնվել է ձեր իշխանության ժամանակ»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով` պատերազմի ժամանակ երկրի ներսում չի մոբիլիզացվել ողջ ներուժը, ընդ որում՝ ոչ միայն մարդկային, այլև ինժեներատեխնիկական շինարարական խորքում պաշտպանություն կազմակերպելու համար: Ըստ նրա` դատաիրավական համակարգը համատարած անօրինակությունների, կարգուկանոնի բացակայության, փախուստի շրջանակներում խիստ միջոցներ չի ձեռնարկել, և այդ ամենը խրախուսվել է այսօրվա իշխանության ղեկավարի կողմից՝ կոչումներ տալով:
Մեկնաբանել