
Արարատ Միրզոյանն անդրադարձավ Ուկրաինայի հայ համայնքի հարցերին
Ուկրաինայում կամ Ուկրաինայի սահմանամերձ քաղաքներում այս պահին գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրները տարբեր են, և Հայաստանը դեսպանությունների, դիվանագետների միջոցով դրանց տարբեր լուծումներ է տալի։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո, իհարկե, մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց: Ընդ որում, հայրենակիցներ ասելով՝ նկատի ունենք և՛ ՀՀ քաղաքացիներին, և՛ այլ երկրների քաղաքացիների: Ինչ ենք մենք անում. մինչև այսօր Կիևում մեր դեսպանությունը ողջ կազմով շարունակում էր աշխատել, ընդ որում եզակի դեսպանություններից է, որ շարունակում էր մնալ, աշխատել, օգտակար լինել քաղաքացիներին»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Նախարարի խոսքով` դեսպանությունը շուրջ 1500 զանգ է ստացել: Նման մեծ քանակի դեպքում, նրա խոսքով, կարող են լինել քաղաքացիներ, որոնք փորձել են կապ հաստատել և չի ստացվել: Եթե կապ հաստատել չի լինում, հետո աշխատակիցները հետ են զանգահարում այդ քաղաքացիներին, տրամադրում խորհրդատվություն:
«Մենք նաև բանակցել և պայմանավորվել ենք արևմտյան կողմից Ուկրաինայի սահմանակից բոլոր երկրների հետ՝ Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, նույնիսկ Հունգարիա: Հունգարիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, սակայն, ի պատիվ իրենց, ամեն ինչ անում են, որ աջակցեն: Այնտեղ, որտեղ ունենք դեսպանություններ, մայրաքաղաքից դիվանագետներ են գործուղվել Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ, իսկ որտեղ չունենք դեսպանություն, օրինակ՝ Հունգարիա, Մոլդովա առանձին դիվանագետ է գործուղվել: Այս բոլոր դիվանագետները խնդիր ունեն հնարավորինս աջակցել սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, կազմակերպել նրանց վերադարձը ՀՀ, խորհրդատվություն տրամադրել»,-ասաց ԱԳ նախարարը:
Նախարարի խոսքով` քաղաքացիներ կան, որոնց ՀՀ ԱԳՆ-ն տեղափոխման հարցերով օգնել է:
«Կարող ենք ենթադրել, որ պայմանական մի քանի հարյուր հազար հայրենակից, եթե շարունակում ենք համարել, որ Ուկրաինայում ունենք, նրանց բոլորի տեղափոխությունը ՀՀ-ն այս պահին կդժվարանա իր վրա վերցնել: Բայց խնդիրները և լուծումները տարբեր են»,-ասաց ԱԳ նախարարը:
Մեկնաբանել