
Սուրեն Պապիկյանն անդրադարձավ գլխավոր շտաբում կադրային փոփոխություններին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց զինված ուժերի գլխավոր շտաբի վերջին պաշտոնանկություններից և նոր նշանակումներից: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք այս փոփոխություններն արվում են Կառավարության պատկերացրած ռեֆորմների շրջանակում և արդյոք տրամաբանական էր նման աշխարհաքաղաքական իրավիճակում այդքան պաշտոնանկություններ անել:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց՝ եթե հետևեն տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոխոխություններին և իրադարձություններին ու առաջնորդվեն միայն դրանով, ապա ոչ մի փոփոխություն չեն անի։
«Բարեփոխումներն անհրաժեշտ են, այսօր իրավունք չունենք հապաղելու, ամեն ինչ բխում է նրանից, ինչի մասին այս ամբիոնից բազմիցս խոսել ենք: Մենք թևակոխել ենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան, վաղուց ժամանակն է, որ պաշտոնավարելու հնարավորություն տրվի պատերազմի բովով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին: Չեմ ուզում ամեն ինչ անձերի հետ կապել, բայց չեմ էլ կարող չասել, որ ամեն ինչ կախված է անձերից»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Պապիկյանի խոսքով` գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար (Կամո Քոչունց, խմբ․) կա նշանակված, որը որոշումներ կայացնելու, հրամաններ տալու իրավասություններ ունի: Ըստ նրա` նման վերադասավորումների արդյունքում սպայական կազմն ավելի մոտիվացված կլինի:
«Սա ազդակ է պաշտպանական գերատեսչությունների տակ գտնվող բոլոր սպաներին, որ իրենք հնարավորություն են ունենալու զբաղեցնել կարևոր պաշտոններ` անկախ բարեկամ, ծանոթ և այլ կապերից»,- եզրափակեց պաշտպանության նախարարը:
Մեկնաբանել