
Սողանքից տուժած միջպետական ճանապարհի տակ ջրահոսքեր են հայտնաբերվել (վիդեո)
Միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում՝ Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), 2011թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով փակված ճանապարհի վերականգնման աշխատանքների համար մինչև մրցույթը նախահաշվային արժեքով նախատեսվել է 1 միլիարդ դրամ:
Մայիսի 6-ին «Հետքը» հետևել է սողանքից փակված ճանապարհի վերականգնման շինարական աշխատանքներին: Ճանապարհի վրա հողային աշխատանքներ էին կատարում «Կատերպիլար» մակնիշի բեռնատարներն ու տրակտորները: Շինարարության ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու համար շինտեղամասում մայիսի 6-ին մեզ չհաջողվեց հանդիպել շինարարություն իրականացնող կազմակերպության պատասխանատուներից որևէ մեկին:
Ճանապարհի շինարարության աշղեկ Գեղամը առհասարակ հրաժարվեց «Հետքի» հետ զրուցել շինարարության ընթացքի մասին: Սակայն ճանապարհի վրա աշխատող տրակտորիստներից մեկը տեղեկացրեց, որ այդ պահին վտանգավոր է անցնել ճանապարհով, քանի որ սողանքային հատվածում հարթեցված ճանապարհի տակ հայտնաբերվել են ջրահոսքեր:
![]() |
![]() |
«Հետքը» հարցումներով պարզեց, որ ճանապարհի վերականգնման աշխատանքները իրականացնում է Երևանում գրանցված և տեղակայված «Ճանապարհ» շինարարական ՍՊԸ-ն:
Մայիսի 7-ին ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Բեզոյանի հետ «Հետքի» հեռախոսային զրույցից պարզվեց, որ սողանքային ճանապարհի վերականգնման շինարարական աշխատանքներ կատարելու իրավունքը «Ճանապարհ» ՍՊԸ-ն շահել է 2012թ. փետրվարի 6-ին՝ մրցութային կարգով:
«Քանի որ ճանապարհի վերականգնման նախատեսված գումարը կազմել է 1 միլիարդ դրամ, մրցույթը կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից: Մրցույթին մասնակցած շինարարական 7 կազմակերպություններից հաղթող է ճանաչվել մեր կազմակերպությունը»,- ասաց Էդիկ Բեզոյանը: Ըստ վերջինիս` մրցույթին ներկայացրած «Ճանապարհ» ՍՊԸ-ի սողանքային ճանապարհի վերականգնման շինարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել է 550 մլն դրամ: Մրցույթի արդյունքները հաստատվել են այս տարվա մարտի վերջին:
«Քանի որ ճանապարհի ջրագծերի վերականգնման աշխատանքներ կար, մենք էլ տեղյակ էինք, որ մրցույթում մենք ենք հաղթելու, ճանապարհի շինարարական աշխատանքները սկսել ենք մարտի 10-ին»,- ասաց «Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրենը: Ըստ Էդիկ Բեզոյանի՝ ճանապարհի տակ հայտնաբերված ջրահոսքերը իրենց համար անակնկալ են եղել. «Մենք չգիտեինք, որ ջրահոսքերի խնդիր կլինի: Այդ ջրահոսքերը առաջացել են Այրում և հարևան գյուղեր գնացող ոռոգման ջրագծերի պայթած խողովակների պատճառով: Հիմա մենք աշխատում են ոռոգման գծերը բացելու և խողովակների խնդիրը լուծելու վրա»,- ասաց Է. Բեզոյանը:
Ճանապարհի շինարարական աշխատանքների համար դժվարություններ են ստեղծել նաև վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևները: Միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքների պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն է:
Էդիկ Բեզոյան ասասց, որ վերջինիս հետ կնքած պայմանագրի համաձայն՝ ճանապարհի վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեն 2012թ. հուլիսի 15-ին:
«Բայց դա որևէ բան չի նշանակում, կարող է և ճանապարհը ավելի շուտ շահագործենք: Այն լինելու է ասֆալտապատ ճանապարհ: Հետագա սողանքներից պաշտպանելու համար ճանապարհաեզրերին կառուցվելու են հողային պատնեշներ»,- ասաց «Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրենը:
Այդուհանդերձ, շինարարության պատասխանատուն գտնում էր, որ սողանքային ճանապարհի վրա դեռ չգիտեն, թե վաղը ինչ նոր խնդիրներ կարող են առաջանալ:
Մեկնաբանել