HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Քաղաքատեղի Արտաշատ»-ի տարածքում կառուցապատումը կբացառվի, եթե հուշարձանին արգելոցի կարգավիճակ տրվի

«Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանի (մ.թ.ա. II – մ. թ. V դդ.) նոր պահպանական գոտու հաստատումը մեկ տարուց ավելի ձգձվում է: «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը հուշարձանի սահմանագոտու նախագիծը ներկայացրել է գերատեսչությունների քննարկմանը, սակայն բոլորը չէ, որ համաձայն են նախագծին»,- հայտնեց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը:

Արտաշատի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար Մ. Զարդարյանը նոր սահմանագոտու հաստատումը հրատապ է համարում մի քանի պատճառով. «Քաղաքատեղի Արտաշատ»-ի գործող պահպանական գոտին չի բավարարում հուշարձանի պահպանության պահանջներին, այդ գոտում գտնվող բավականին մեծ հողատարածքներ օտարվել են, սեփականաշնորհված հողերը կրկին պետք է ընդգրկվեն պահպանական գոտու տարածքում:

Բացի այդ, վերջին երեք տարում հուշարձանի տարածքում կառուցապատում իրականացնելու նախագծեր են շրջանառվում, որոնց հնագետները դժվարությամբ են դիմակայում: Պատճառներից մեկն էլ այն է, որ Արտաշատ քաղաքային բնակեցված տարածքի սահմանները, որը շուրջ 700 հա է զբաղեցնում, դեռևս պաշտոնապես չեն հաստատվել:

«Հետք»-ը նախորդ տարիներին հրապարակումներով անդրադարձել է կառուցապատում իրականացնելու և հուշարձանի տարածքից հողեր օտարելու երկու դեպքի, որից մեկը կանխվեց, մյուսը դեռևս քննարկվում է: Մոսկվաբնակ գործարար Գրիգորի Մարտիրոսյանի հիմնած «ԱՅԷԹՆՈՍ» ՍՊԸ-ն Լուսառատ համայնքում խաղողի այգիներ ունի, որը գտնվում է «Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանի (մ.թ.ա. II – մ. թ. V դդ.)  տարածքում: Գործարարը ցանկանում է այնտեղ զբոսաշրջությանը ծառայող համալիր կառուցել, որին դեմ են հնագետները:

Պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա կառուցված 17-րդ դարի վանք-ամրոց Խոր Վիրապը և բիբլիական Մասիս լեռն իրենց աննկարագրելի գեղեցկությամբ նրա բիզնես ծրագրի հաջողության երաշխավորն են: Սակայն այդ տարածքում Արտաշատի Ստորին քաղաք պատմամշակութային հուշարձանն է գտնվում։ 

Արտաշատի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը «Հետք»-ին հայտնել էր, որ գեոֆիզիկական ուսումնասիրությունը հաստատված տվյալներ է ներկայացրել անտիկ շրջանում Արտաշատի Ստորին քաղաքի համատարած կառուցապատման մասին: Հնագիտության ինստիտուտը հողամասում պեղումներ իրականացնելու պայմանագիր էր կնքել սեփականատիրոջ հետ, որից հետո միայն կարող էին քննարկել կառուցապատում թույլատրելու հարցը: 

2021թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հնագետները «ԱՅԷԹՆՈՍ» ՍՊԸ-ի ֆինանսավորումով պեղումներ են իրականացրել ընկերության սեփական հողատարածքում: Մ. Զարդարյանն ասում է, որ հողամասի տարբեր հատվածներում պեղել են ընդհանուր հաշվով 500 քմ և հաստատել, որ տարածքում առկա են հնագիտական մշակութային շերտեր: Բացահայտել են՝ վաղ միջնադարյան բնակարան, ուրարտական պահուստային հորեր և բոլոր 5 պեղավայրից՝ յուրաքանչյուրը 100 քմ, հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել՝ ուրարտական, անտիկ և միջնադարյան խեցեղենի մեծ խմբաքանակ և այլն։ Պեղումների արդյունքները տպավորիչ էին, ԿԳՄՍ նախարարությունը բարձր գնահատականի է արժանացրել արշավախմբի հաշվետվությունը:

«Այն տարածքը, որն ուսումնասիրվեց, կառուցապատման ենթակա չէ, այդ ծրագիրը պետք է վերանայվի»,- հաստատակամ պնդում է Արտաշատի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար Մ. Զարդարյանը: Վերջինս տեղեկացրեց, որ օրերս այդ հարցը քննարկել են ԿԳՄՍ նախարարությունում և որոշել են՝ եթե ընկերությունը չի հրաժարվում իր ծրագրից, ուրեմն պետք է հողատարածքում հավելյալ տարածքներ ուսումնասիրեն: 

Միջնադարյան շրջանում ծավալուն բնակեցման ակնհայտ վկայությունների ի հայտ գալը հնագետը կարևորում է, որովհետև նոր բացահայտումներով հերքվում է անցյալում ձևավորված այն տեսակետը ըստ որի՝ Խոսրով Բ Կոդակի օրոք մայրաքաղաքը Դվին տեղափոխելուց և հատկապես 369թ.-ին Շապուհ 2-րդի կողմից քաղաքն ավերելուց և բնակչությունը տարհանելուց հետո Արտաշատն, ըստ էության, մարել է։

Օրերս Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Արտաշատի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված արտեֆակտների նմուշներ: «Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանի տարածքում պեղումներն ընթանում են դեռևս 1970թ.-ական թվականներից:

3-1.jpg (1.64 MB) 2.jpg (955 KB)

Գտածոները ներկայացնում են հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը: Բայց պատմական ժառանգությամբ հետաքրքրվողները հայկական անտիկ մշակույթի խոշոր կենտրոններից մեկը համարվող Արտաշատ մայրաքաղաքի իրական գեղեցկությունը միայն տեղում կարող են տեսնել: Հիշեցնենք, որ ժամանակագիրները Արտաշատն անվանել են՝ «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն» և այլն: 

«Ցուցահանդեսի բացման ժամանակ ես վարչապետին կրկին ներկայացրի «Մայրաքաղաք Արտաշատին» արգելոց-հուշարձանի կարգավիճակ տալու և նոր պահպանական գոտի ունենալու անհրաժեշտության հարցը: Տպավորությունս այն է, որ նա լսեց և ընկալեց, բայց ես զգուշավոր օպտիմիստ եմ, քայլեր պետք է ձեռնարկել, և դա ծայր աստիճան հրատապ է»,- ասաց հնագետ Մ. Զարդարյանը։

ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները հայ-գերմանական համատեղ ծրագրի շրջանակում 2018թ.-ից հնագիտական և գեոֆիզիկական ուսումնասիրություն են իրականացնում այդ տարածքում: 2021թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արշավախումբը շարունակել է պեղումները պատմամշակութային հուշարձանի՝ Արտաշատի Ստորին քաղաքի մեկ այլ հատվածում և, ըստ պրն Զարդարյանի, կարևոր բացահայտումներ է արել՝ 

  • ճշգրտվել են Ուրարտական քաղաքի տարածման սահմանները, 
  • 2019թ հայտնաբերվել է Առաջավոր Ասիայում հայտնի ամենաարևելյան հռոմեական ակվեդուկը (քաղաքի կամրջային ջրատարը), 
  • 2021թ բացահայտվել է տարածաշրջանում եզակի, հսկայածավալ (շուրջ 5000 քմ) հանրային սյունազարդ կառույց, որն ըստ նախնական տվյալների՝ գործել է ուրարտական շրջանից մինչև անտիկը ներառյալ։

Հնագետը հավելեց, որ մինչև այժմ վկայություններ ունեին անտիկ դարաշրջանում Արտաշատի ուրարտական պարիսպները մասնակի օգտագործելու մասին, իսկ այս պեղումները պարզեցին, որ հանրային կառույցն է օգտագործվել ուրարտացիների կողմից 800 տարի հետո: Դա խոսում է Արտաշատի տարածքի բնակեցման հարատևության մասին։ Նրա ասելով՝ այստեղ հայտնաբերված պալատական շինությունն իր չափերով բացառիկ է, Հայկական լեռնաշխարհում այդ չափերի այլ կառույց դեռևս չի հայտնաբերվել: 

«Պալատը հնարավոր է բացել ցուցադրության համար, եթե լուծվի սեփականատիրոջը փոխհատուցելու հարցը կամ տարածքը գերակա հանրային շահ ճանաչվի, եթե «Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանին արգելոց-հուշարձանի կարգավիճակ տրվի: Այսօր այս բացառիկ համալիրի միջազգային մակարդակով ընթացող ուսումնասիրության հետագա ընթացքը կախված է հողատիրոջ քմահաճույքից»,- ասում է Մկրտիչ Զարդարյանը։

ԿԳՄՍ նախարարությունը 2020թ.-ին «Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու նախագիծ շրջանառեց: Կառավարությունը 2021թ. ապրիլի 22-ի N 644-Ն որոշումով «Մայրաքաղաք Դվին»-ին և «Դաշտադեմ ամրոց»-ին պատմամշակութային արգելոցի կարգավիճակ տվեց, Արտաշատը դուրս մնաց այդ ցանկից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մոտ մեկ տարի առաջ «Մայրաքաղաք Արտաշատ»-ի վերաբերյալ մեր հարցմանը պատասխանել էր. «Մայրաքաղաք Արտաշատ» պատմամշակութային արգելոցի ստեղծման աշխատանքներն ընդհատվել են Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով: Արգելոցի ստեղծումից հետո նախատեսվում են զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծում, հանրահռչակման աշխատանքներ և այլն: Անշուշտ, վերականգնման և հիշյալ աշխատանքները պահանջում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք ՀՀ պետական բյուջեի կրճատման հետևանքով առկա չեն»:

Նշենք, որ շուրջ 3000 հեկտար տարածք զբաղեցնող «Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանից մինչև հիմա 30 հեկտարն է ուսումնասիրվել: Հուշարձանը նաև շարունակաբար վնասվում է պատշաճ պահպանություն չիրականացվելու, հողազավթումների, գանձախուզության և այլ պատճառներով: Անտիկ մայրաքաղաքի բուն տարածքին հսկայական վնաս է հասցնում Խոր Վիրապի գերեզմանոցը, որը տարեց-տարի ընդլայնվելով՝ «կլանում» է հուշարձանի ինչպես չուսումնասիրված, այնպես էլ արդեն իսկ պեղված տարածքները։

«Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանի լուսանկարները տրամադրել է Մկրտիչ Զարդարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter