
Մեկ քայլ առա՞ջ, թե՞ տասը ցատկ ետ
Մայիսի 7-ը եկավ որպես սովորական աշխատանքային երկուշաբթի: Արտաքուստ այնպիսի տպավորություն էր, թե նախորդ օրը համապետական ընտրություններ չեն եղել, մարդիկ «մեծ ոգևորությամբ ու ակտիվությամբ» նոր Ազգային ժողով չեն ընտրել, իսկ ինչ-որ երկրի ինչ-որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով պարբերաբար ինչ-որ տվյալներ է հաղորդում, որոնք այս մարդկանց, այս հասարակության հետ ոչ մի առնչություն չունեն:
Ընտրությունների հաջորդ օրը հասարակության մոտ տիրող անտարբերությունը բացարձակապես չէր համապատասխանում թե փոփոխությունների այն սպասելիքին, որ հարուցել էր մեծամասնությունը ձեռք բերած քաղաքական ուժը, թե ընտրություններին մարդկանց 62 տոկոսանոց մասնակցությանը:
Նման անտարբերությունը երկու հիմնական պատճառ կարող է ունենալ: Առաջին` մարդիկ խորհրդարանի հետ չէ, որ կապում են փոփոխությունների հույսը: Երկրորդ` այն արդյունքները, որոնք հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մեծ հաշվով, իրենց մեջ ոչ մի անակնկալ, ոչ մի ինտրիգ չէին պարունակում. ողջ հարցն այն էր, թե ՀՀԿ-ին ինչ ձայների ինչ հարաբերակցությամբ է հաղթանակ շնորհվելու, և թե ՕԵԿ-ը կամ «Ժառանգությունը» կհաղթահարե՞ն արդյոք ԱԺ անցնելու 5 տոկոսանոց արգելքը:
Այսպիսով, 5-րդ գումարման խորհրդարանը, նախնական տվյալների համաձայն, կազմված է լինելու երկու կատեգորիայի քաղաքական ուժերից. մի կողմից 74 տոկոս քվեներին արժանացած ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, մյուս կողմից՝ խորհրդարան անցնելու 5, իսկ ՀԱԿ-ի պարագայում՝ 7 տոկոսանոց շեմը մի կերպ հաղթահարած 4 ուժերից` ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ և ՕԵԿ: Թե ինչպիսին կլինի քաղաքական այս ուժերի դասավորությունը խորհրդարանում, պարզ կդառնա երկու հանգամանքից:
Առաջին` նրանից, թե ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, բայց հատկապես ԲՀԿ-ն որքանո՞վ կընդունեն քվեարկության ներկայացված արդյունքները: Ակնհայտ է, որ ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի ստացած քվեները եղել են հենց վերջիններիս ու հատկապես ԲՀԿ-ի ընտրազանգվածի հաշվին: Սակայն ՀՀԿ-ի տոկոսային առավելությունն այնքան մեծ է, որ անգամ ընտրատեղամասերի կեսը բացելու և քվեաթերթիկների վերահաշվարկ կատարելու պարագայում լուրջ փոփոխություններ չի կարելի սպասել, մանավանդ որ կոնկրետ քվեաթերթիկների հաշվարկի հետ կապված խախտումների, կեղծումների մասին ահազանգեր չեն հնչել:
Երկրորդ` շատ բան կախված է լինելու նրանից, թե ՀՀԿ-ն, իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը որքանո՞վ կնախընտրի բացարձակ մեծամասնություն կազմելով հանդերձ կոալիցիա ձևավորել խորհրդարան անցած կուսակցությունների հետ, և թե նրանցից կոնկրետ որոնց կարվի նման առաջարկություն: Այստեղ առանցքային է դառնում ԲՀԿ-ի գործոնը, որը հայտնվել է լուրջ երկընտրանքի առաջ. ընդունել պարտությունը կամ չհամակերպվել և վերածվել խորհրդարանական ընդդիմության:
Եթե ընտրվի երկրորդ ճանապարհը, խորհրդարանում կձևավորվի հզոր ընդդիմադիր բևեռ, որովհետև ակնհայտ է, որ ԲՀԿ-ի շուրջը կհամախմբվեն թե ՀՅԴ-ն, թե ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Չի կարելի բացառել, սակայն, այլ կոնֆիգուրացիաներ ևս. օրինակ՝ իշխանական կոալիցիա` ընդդեմ ԲՀԿ-ի, երբ ՀՀԿ-ն կփորձի կոալիցիա ձևավորել ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, «Ժառանգության» հետ: Սակայն սա խիստ անհավանական է թվում, որովհետև նման կոալիցիան լինելու է ձևական, և եթե, օրինակ, ՀՅԴ-ն լուրջ ամբիցիաներ ունի` հետագայի հետ կապված, ապա նման տարբերակին համաձայնելով՝ այն վերջնականապես կվերածվի քաղաքական մումիայի: Այս ամենը, իհարկե, պարզ կդառնա առաջիկայում: Մինչ այդ, սակայն, շատ ավելի կարևոր է հասկանալ` ինչպե՞ս պատահեց, որ ՀՀԿ-ն ստացավ այնքան շատ քվե, որ անգամ գելափային սոցհարցումները չէին կարողացել նկարել, իսկ մնացած ուժերի անունների դիմաց գրվեց նույնիսկ «էքզիթ փոլի» ներկայացրած արդյունքներից զգալիորեն պակաս ցուցանիշ:
Ալեե-հոպ…
Ըստ էության, նման պատկեր ձևավորվեց երեք չափազանց ուժեղ գործոնների ազդեցությամբ: Առաջինը, բնականաբար, բաժանված ընտրակաշառքն էր, որն իր մասշտաբներով գերազանցեց բոլոր սպասելիքները: Այն բաժանվում էր տոտալ կերպով` գրեթե բացահայտ, և չնայած դրան` իրավապահ մարմիններն արձագանքեցին ընդամենը երկու դեպքի: Ընտրակաշառք բաժանելու իմաստը երկուսն է. մի կողմից խաղադրույք է կատարվում նրա վրա, որ գումար վերցնողների գոնե մեծ մասը կքվեարկի ոչ թե հանուն ՀՀԿ-ի, այլ այն անձին հետագայում ձախողման պատճառով կուսակցության կողմից պատժվելուց փրկելու համար, որից վերցրել են գումարը:
Գործում է դրկից հարևանին, բարեկամին «չքցելու», «չդավաճանելու» սկզբունքը, ինչը տոհմային մտածողությամբ հասարակության պարագայում չափազանց լուրջ սոցիալ-հոգեբանական գործոն է: Երկրորդն այն է, որ ընտրակաշառք վերցրած անձինք, անկախ նրանից` քվեարկե՞լ են կաշառքը տված կուսակցության օգտին, թե՞ ոչ, հետագայում երբեք դուրս չեն գա իրենց քվեն պաշտպանելու, բողոքելու, չեն գնա ընդդիմության ետևից, որովհետև այդպիսով անմիջապես կմատնեն իրենց իրական նախասիրությունը և կհայտնվեն չափազանց անհարմար դրության մեջ:
Այլ կերպ ասած` ընտրակաշառքը հանրային դժգոհությունն ի սկզբանե կառավարելու և զսպելու հիանալի գործիք է դառնում: Բայց սրա առանձնահատկությունն այն է, որ միջազգային ոչ մի դիտորդ այն չի տեսնում և չի կարող արձանագրել որպես ընտրախախտում: Իսկ իշխանությանը հենց դա է պետք:
Երկրորդ` ՀՀԿ-ի հաղթանակի հիմնական ֆոկուսն ապահովեցին ընտրացուցակները, որոնք այդպես էլ լուրջ ուշադրության չարժանացան թե ընտրակեղծիքների դեմ պայքարի համար ստեղծված միջկուսակցական շտաբի, և թե հասարակության ու քաղաքացիների կողմից: Որ հիմնական արդյունքը հենց ընտրացուցակներն ապահովեցին, վկայում է երկու իրողություն. նախ` մարդկանց աննախադեպ, բայց համատարած ապատիայի և ընտրական համակարգի նկատմամբ անգամ գելափային սոցհարցումներով արձանագրվող անվստահության պարագայում 62 տոկոսանոց ակտիվությունը, և երկրորդ` կիրակի օրվա համար անսովոր գերակտիվությունը հատկապես առավոտյան ժամը 8-11-ն ընկած ժամանակահատվածում, երբ քնելու փոխարեն մարդիկ տարօրինակ կերպով նախընտրել էին ընտրատեղամասերի առջև հսկայական կուտակումներում ու հերթերում ոտքի վրա «չորանալը» և ուղղակի քաղաքացիական պարտքը կատարելու մոլուցքով տարվելը:
Տարօրինակ զուգադիպությամբ դա հենց այն ժամանակահատվածն էր, երբ անձնագրերում դրված դրոշմակնիքները դեռ հաջողում էին րոպեների ընթացքում հօդս ցնդել: Բայց ընտրացուցակների իրական խնդիրը Երևանում փաստացի ապրողների և իրական գրանցում ունեցողների միջև առկա անհամատեղելիությունն էր, որն այդպես էլ մնաց չուսումնասիրված: Այն պահանջում էր յուրաքանչյուր տան, բնակարանի, հասցեի մանրակրկիտ դիտարկում, որը տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել անգամ մեկ-երկու շաբաթների ընթացքում:
Սա մի պրոցես է, որը պահանջում էր առաջին հերթին քաղաքացիական կեցվածք, հասարակական մոբիլիզացիա: Մինչդեռ մեկ-երկու հայտնաբերված նման դեպքերը և դրանց վերաբերյալ հասցեատերերի արձագանքը վկայում էին, որ մարդկանց մեծամասնությունը շատ լավ էլ տեղյակ են իրենց հասցեներում գրանցված այլ անձանց գոյության մասին և ոչ միայն լռում են, այլև, փաստորեն, մասնակցում են այս հակապետական ծրագրված օպերացիային: Իսկ եթե հասարակությունն է մասնակիցը, բնականաբար, երբեք հնարավոր չի լինելու լուրջ արդյունքներ ակնկալել:
Այս իմաստով կարելի է ասել՝ ամենամեծ ընտրակեղծարարը, կամա թե ակամա, դարձավ հենց շարքային քաղաքացիների ու հասարակության մեծամասնությունը. նրանք, ովքեր համաձայնել էին այլ անձանց իրենց բնակարանների վրա գրանցելուն, և նրանք, ովքեր գրանցվել էին: Եթե քաղաքական ուժերը 2013 թ. նախագահական ընտրություններից առաջ իրավիճակը փոխելու խնդիր տեսնում են, ապա ընտրացուցակների և քաղաքացիների հետ անհատապես աշխատելու համար պետք է սկսեն գործել հենց այսօրվանից` հիմք ընդունելով հրապարակված ընտրացուցակները: Որովհետև արդեն իսկ ակնհայտ է, որ նախագահական ընտրություններում կրկին այս ռեսուրսն է օգտագործվելու:
Երրորդ` որքան էլ պնդեն, թե հեռուստաընկերությունները հավասարաչափ ու անաչառ լուսաբանեցին ընտրարշավը և դրանում ներգրավված ուժերին, քվեարկությունից հետո նրանց վարքագիծը հստակ դարձրեց, որ նրանք իրականում վերածվել են եթերային խոշոր ու նախադեպը չունեցող տոտալ մանիպուլյացիոն մեքենայի, ինչը շատ ավելի վտանգավոր է, քան ուղղակի պրոպագանդան կամ հակաքարոզչությունը, որով զբաղվում էին նախկինում: Բացառությամբ «Երկիր Մեդիայի» և «Կենտրոնի», մնացած բոլոր հեռուստաընկերությունները մայիսի 6-ի երեկոյան լծվել էին հանրային գիտակցությունը ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակին վարժեցնելու մանիպուլյացիոն խաղին:
«Գելափի» իրականացրած «էքզիթ փոլի» շատ խոսուն արդյունքները ժամեր շարունակ չէին իջնում էկրաններից` կարծես ավետելով, թե ինչպիսի արդյունքների հետ պետք է համակերպվել: Նրանցից և ոչ մեկը, սակայն, անգամ հպանցիկ անդրադարձ չկատարեց այն փաստին, որ չի կարող արժանահավատ լինել մի հետազոտություն, որի մասնակիցների 40 տոկոսը, այսինքն՝ գրեթե կեսը, չեն հայտնել իրենց կատարած ընտրության մասին:
Փոխարենը եթեր հեռարձակվող հայրենասիրական ֆիլմերը, ամիսներ առաջ կայացած համերգների տեսագրությունները, հումորային ծրագրերը փորձում էին խեղճ ընտրողներին տրամադրել, որ ոչ թե Հանրապետական կուսակցությունն է իրական հաղթողը, այլ հեռուստաէկրանների առջև ծվարած «հպարտ» քաղաքացիները: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ի դեռևս պաշտոնապես չարձանագրված հաղթանակը մատուցվում էր որպես մեծագույն ձեռքբերում ողջ ժողովրդի համար:
Ձեռքի հետ էլ դեռ որոշ հեռուստաընկերություններ, օրինակ՝ այս ամենում ամեամեծ ներդրումն ունեցած «Արմնյուզը», փորձում էին համոզել, թե այլևս անիմաստ է դուրս գալ փողոցներ, անհամաձայնություն հայտնել ներկայացվելիք արդյունքների վերաբերյալ: Հեռուստաընկերությունների այս քաղաքականությունը ամբողջությամբ չեզոքացրեց նախընտրական շրջանում նրանց կողմից արտաքուստ պահպանած հավասարակշռության էֆեկտը:
Այս ընտրությունները մեկ քայլ առաջ չէին նախորդներից: Պարզապես փոխվել են խախտումների ու կեղծիքների տեխնոլոգիաները. բիրտ միջոցներին փոխարինելու են եկել ներշնչելու, համոզելու, մանիպուլյացիայի ենթարկելու տեխնոլոգիաները` դրան գումարած նաև ընտրացուցակային աճպարարությունները, որոնք չէին կարող նկատվել ոչ մի միջազգային կազմակերպության, ոչ մի դիտորդի կողմից: Բայց քանի որ իշխանությանը հենց այս արտաքին պատկերը, այս փուչիկն է անհրաժեշտ, ընտրությունները հռչակվում են ազատ ու թափանցիկ:
Փույթ չէ, որ դիտորդների լավատեսությունը հանրությանը չի փոխանցվում, այս խոսքերը սովորական մարդկանց հոգիները հպարտությամբ, բերկրանքով, ուրախությամբ ու վստահությամբ չեն համակում: Փույթ չէ, որ մայիսի 9-ի փոխարեն գալիս է մայիսի 7-ը, սովորական, մռայլ աշխատանքային երկուշաբթին:
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել