HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վճռաբեկ դատարանը խորհրդատվական կարծիք է խնդրել Եվրոպական դատարանից

Քրեական նոր օրենսգրքով, որն ընդունվել է 2021թ.-ի մայիսին և ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 1-ից, խոշտանգում կատարած անձինք այլևս քրեական պատասխանատվությունից չեն ազատվի վաղեմություն ժամկետներն անցնելու, ներում, համաներում, պայմանական վաղակետ ազատում և այլն կիրառելու հիմքով: 

Սակայն դատարանները դեռևս լուծում չունեն նախկինում կատարված խոշտանգումների գործերով, որոնք շարունակվում են բողոքարկվել դատարանում:

Իրավաբան Արա Ղազարյանն ուսումնասիրել է Հայաստանի 2008-2018թթ. դատական պրակտիկան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական չափանիշների ներքո: «Ես խոշտանգման գործերով դատարանների 10 տարվա պրակտիկան ուսումնասիրեցի, այդ ընթացքում 4 գործ կար դատարանում, որոնց քննությունն, ըստ էության, կասեցված էր, դատավորները լուծում չունեին: Լուծումն այն կլինի, որ Հայաստանն օրենքով ամրագրի Քրեական օրենսգրքի 3091 պրիմ հոդվածը՝ հետադարձելիության սկզբունքը, նաև՝ Սահմանադրության մեջ պետք է փոփոխություն կատարել, որպեսզի դատարանները կարողանան օրենքին հետադարձ ուժ տալ»,- ասում է Ա. Ղազարյանը:

2021թ. հունվարի 27-ին Վճռաբեկ դատարանը (ՎԴ) քննել է 2008թ. մարտի 1-ի դեպքերից հայտնի Գրիշա Վիրաբյանի գործով ներկայացված բողոքները:

Գրիշա Վիրաբյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2012թ. հոկտեմբերի 2-ին Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով  վճիռ է կայացրել, որով ճանաչել է Գ. Վիրաբյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 6-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման փաստը: ԵԴ-ի վճռի հիման վրա՝ Գ. Վիրաբյանի վերաբերյալ ներպետական դատական ակտերը վերանայվել են, դատախազությունը պարտավորեցվել է վերացնել Գ. Վիրաբյանի իրավունքների և ազատությունների խախտումները։

Գ. Վիրաբյանի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ոստիկանության ծառայողներ Արմեն Արսենյանի և Հովհաննես Մովսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ 2017 թ. մարտի 10-ի որոշումով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և քրեական գործով վարույթը կարճվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Դատախազությունը բողոքարկել է նախաքննության մարմնի որոշումը, 2021թ. հունվարի 27-ին Վճռաբեկ դատարանը քննել է այս գործով վերաքննիչ քրեական դատարանի` 2019թ. հուլիսի 4-ի որոշման դեմ Գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի և մեղադրյալների պաշտպանի ներկայացրած վճռաբեկ բողոքները:

Դատախազությունը հայտնել է, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը Կոնվենցիայի օրգանական մասն է կազմում, ինչից էլ հստակ հետևում է, որ խոշտանգումների վերաբերյալ գործերով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ կիրառելու կոնվենցիոն արգելք է սահմանված։ 

Պաշտպանն առարկել է՝ հայտնելով, որ վաղեմության ժամկետներն անցած լինելու պարագայում ամբաստանյալները չեն կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, այն կհանգեցնի նրանց իրավունքների խախտման։ 

Վճռաբեկ  դատարանը հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքի հեղինակը բարձրացրել է խոշտանգման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների և միջազգային այլ չափանիշների հիման վրա ամբաստանյալների նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ չկիրառելու հարցը, անհրաժեշտ է համարել դիմել ՄԻԵԴ` խորհրդատվական կարծիք ստանալու համար։

ՎԴ-ն ՄԻԵԴ-ին ուղղված հարցն այսպես է ձևակերպել. «Խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ չկիրառելն, արդյոք, համահունչ կլինի՞ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին, եթե ներպետական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ չկիրառելու պահանջ նախատեսված չէ»։

ՎԴ-ի քրեական պալատի դատավոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Սերժիկ Ավետիսյանից տեղեկացանք, որ Եվրոպական դատարանը դիմումը ընդունել է վարույթ, տևական ժամանակ դատարանի հետ գրագրություն են վարել՝ ներկայացրել են պահանջված փաստաթղթերը և սպասում են ՄԻԵԴ-ի պատասխանին գործին լուծում տալու համար:

«Խոշտանգումների կանխարգելման ՄԱԿ-ի կոնվենցիան արգելում է խոշտանգում կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ, ներում, համաներում, պատժից պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելը։ Երկրորդ՝ օրենքին կարող ես հետադարձ ուժ տալ, որովհետև դա համարվում է jus coqens նորմ»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը

Իրավաբանը նշում է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են կիրառել միջազգային իրավունքի պարտադիր նորմերը, եթե նույնիսկ դրանք չեն ամրագրել ներպետական օրենքում: Գոյություն ունի 5 հիմնական նորմ՝ մարդկության դեմ հանցագործություն, ցեղասպանություն, էկոհանցագործություն, ռազմական հանցագործություն և անձին խոշտանգելու արգելքը:

ՄԱԿ-ի 1984թ. դեկտեմբերի 10-ին ընդունած «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան» Հայաստանը վավերացրել է 1993թ. հոկտեմբերի 13-ին: Պետությունը հանձն էր առել ներպետական օրենսդրությունն ու դրան համապատասխան նաև պրակտիկան փոխելու պարտավորությունը, սակայն մինչև անցյալում այդպիսի սահմանափակումներ օրենքով չէին սահմանվել: 

Հայաստանի դատարանները խոշտանգում կատարած անձանց նկատմամբ մինչ օրս լայնորեն կիրառում են խրախուսական կամ վիճակը բարելավող նորմերը՝ դատական ակտերում պատճառաբանելով, որ ՄԱԿ-ի կոնվենցիան վաղեմության ժամկետներ կիրառելն արգելող որևէ դրույթ ուղղակիորեն չի նախատեսում, իսկ Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի Կոնվենցիայի մեկնաբանությունները պետությունների համար խորհրդատվական բնույթ ունեն:

«ՄԻԵԴ-ը կայուն նախադեպային մոտեցում ունի, և բազմաթիվ որոշումներում նշվել է, որ խոշտանգումների վերաբերյալ գործերով չպետք է կիրառվեն վաղեմության ժամկետներ, ներում, համաներում, պատժից պայմանական վաղաժամկետ ազատում և այլն»,- ասում է Արա Ղազարյանը:

Դատավորները, սակայն, դատական ակտերում պատճառաբանում են, որ դատարանի համար լիովին ընդունելի է քրեական քաղաքականության նման ուղղվածությունը, բայց նմանատիպ արգելքներ սահմանված չեն ներպետական օրենսդրությամբ: Ավելին, Քրեական օրենսգրքով վարույթն իրականացնող մարմնի համար սահմանված է իմպերատիվ պահանջ՝ դադարեցնել քրեական վարույթը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Այդ դեպքում հնարավոր չէ և չի կարող իրավաչափ համարվել նմանատիպ միջնորդությունների մերժումը, և անձին ենթարկել քրեական պատասխանատվության: Նաև՝ չեն կարող շրջանցել Քրեական օրենսգրքի նորմերը և առաջնայնությունը տալ ԵԴ նախադեպին, հատկապես, երբ այդ նախադեպային որոշումով Հայաստանի Հանրապետությունը գործի կողմ չի հանդիսացել:

Գլխավոր լուսանկարում՝ Վճռաբեկ դատարանի շենքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter