
Ռուսաստանին դատապարտող բանաձևին Մարիա Կարապետյանը կողմ չի քվեարկել
Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում ռուս-ուկրաինական հարաբերությունների առնչությամբ ընդունվել է բանաձև, որին հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը կողմ չի քվեարկել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ արձագանքելով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ հակառուսական բանաձև է քննարկվել:
Հնչող տարբեր հարցերին Կարապետյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց, թե ինչ բովանդակություն է ունեցել բանաձևը:
Թե ինչու է նման բանաձև ընդունվել հենց Երևանում Մարիա Կարապետյանն ասաց, որ Եվրանեսթում ներկայացվում են ԵՄ և արևելյան գործընկերության անդամ երկրները՝ Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս (սառեցրել է անդամակցությունը) և Հայաստան, Վրաստան, Ադրբեջան: Պատգամավորի խոսքով՝ օրակարգը ձևավորում է բոլոր երկրների քարտուղարությունը:
«Այն օրակարգը, որը բերվել է, տիպիկ է Եվրանեսթի քննարկման թեմաների տեսանկյունից, առանձին դիտավորություն բացի աշխարհաքաղաքական իրողություններից, որում ապրում ենք, անհրաժեշտ չէ փնտրել»,- ասաց Մարիա Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով՝ բանաձևի բովանդակությունն այսօր կխմբագրվի և կհրապարակվի:
Իշխանական պատգամավորն այդպես էլ չմանրամասնեց տեքստի բովանդակությունը՝ ասելով, որ քանի որ կողմ չի քվեարկել, ձեռնպահ է քվեարկել, ուստի նպատակահարմար չի համարում մեկնաբանել:
Հայկական պատվիրակության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ հայտնի բանաձևի տեքստը դատապարտում է ՌԴ-ին՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար»:
Նշենք, որ հայկական պատվիրակության կազմից Բյուրոյի անդամ է միայն պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը, հետևաբար միայն նա կարող է մասնակցել բանաձևի քվեարկությանը:
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքեց՝ ոչնչից և ոչ մեկից չեն վախենում. ոչինչ և ոչ մեկին չեն տա։
Մեկնաբանել