HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ասում էր՝ հաղթելու ենք, հաղթած գալու եմ։ Ոչ եկավ, ոչ հաղթեցինք». կամավորական Ռաֆիկ Սիմոնյանը

«Ինքը միշտ երազել է սեփական մեծ տուն ունենալ, Մասիսում հող ունեինք, որոշել էր գարնանը սկսել կառուցման աշխատանքները։ Հիմա իր երազանքը հայրս է կատարում, տան շինարարություն ենք սկսել, Ռաֆիկի երազանքների տունը պիտի կառուցենք»,- ասում է 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆիկ Սիմոնյանի քույրը՝ Հերմինե Սիմոնյանը։

Ռաֆիկ Սիմոնյանը 25 տարեկան էր, ապրում էր Արարատի մարզի Մասիս քաղաքում։

Նրա ընտանիքը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղից Մասիս էր տեղափոխվել 2000 թվականին։

Պատերազմի 2-րդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Ռաֆիկը զանգել է Սպանդարյանում բնակվող իր ընկերոջը՝ Զախար Իսկանդարյանին։ Զախարն ասել է, որ զորահավաքով մեկնելու է առաջնագիծ։ Ռաֆիկը որոշել է միանալ ընկերոջը։ Նա հաշվառված էր Սիսիանի զինկոմիսարիատում, առաջնագիծ մեկնել է որպես կամավոր։ Ընտանիքի անդամներին չի տեղեկացրել գնալու մասին։

«Էնտեղից զանգեց, ասեց՝ դե ես Սիսիանում եմ, չէինք հավատում, հետո պարզվեց, որ մի շաբաթ մնացել են Սիսիանում, հետո գնացել Արցախ»,-պատմում է Ռաֆիկի մայրը՝ Վարսենիկ Մաղաքյանը։

Ռազմաճակատ է մեկնել որպես հրետանավոր։ Պատերազմի ընթացքում եղել է առաջագծի տարբեր ուղղություններում. սկզբում նրանց հերտանին տեղակայված է եղել Ֆիզուլիում (Վարանդա), Հադրութում, հետո նահանջել են դեպի Մարտունի 2, ապա՝ Կարմիր Շուկա, պատերազմի վերջին օրերին տեղակայվել են Ննգիում, որտեղից կրակում էին դեպի Շուշի։ «Ռաֆիկի ընկերները պատմել են, որ իրենց հրետանին եղել է լավագույններից ու անվրեպ խոցել է բոլոր թիրախները։ Ինքը մեզ ոչինչ չէր ասում, ինքն առհասարակ շատ համեստ էր, չէր սիրում խոսել իր արածների մասին»,-պատմում է Ռաֆիկի քույրը՝ Հերմինեն։

Եղբոր հետ վերջին անգամ Հերմինեն խոսել է նոյեմբերի 6-ին։ Սովորականից երկար են խոսել, Հերմինեի որդիները քեռու համար երգել են, Ռաֆիկն ասել է՝ «Պարապեք, որ գամ, երգեք, գալու եմ, լավ առաջ ենք գնում, լավ ա ամեն ինչ»։

Մայրը լրացնում է դստեր խոսքը՝ «Ասում էր՝ հաղթելու ենք, հաղթած գալու եմ, լավ ա լինելու։ Ո՛չ եկավ, ո՛չ հաղթեցինք»։ 

Քույրը ցույց է տալիս եղբոր լուսանկարներն ու ասում, որ Ռաֆիկը մեծ սիրտ ուներ. «Այ, տեսեք, նայեք՝ ինչ բարի հայացք ունի, ինքը ոչ ոքի չէր նեղացնում, չճանաչողն էլ, նկարները նայելով, կիմանա, որ անսահման բարի ու լավ մարդ է Ռաֆոն»։

Մեզ փոխանցում են Ռաֆիկի ընկերոջ՝ Զախարի հեռախոսահամարը Ռաֆիկի զոհվելու հանգամանքները ճշտելու համար, բայց զգուշացնում, որ շատ հարցեր չտանք, քանի որ ընկերը մինչ օրս չի կարողանում այդ թեմայով խոսել։ «Իր համար էլ շատ ծանր է ախր, հարազատ ընկերն աչքի առաջ է զոհվել, շատ հարցեր չտաք, չենք ուզում նորից էդ ամեն ինչը վերապրի»,- ասում է մայրը։

Զախարը պատմում է, որ Ռաֆիկին ինքն է զոհված գտել, Մարտունու շրջանի Ննգի գյուղի շրջակայքում, նոյեմբերի 7-ի հրետակոծության հետևանքով ստացած բեկորային վնասվածքից։ Այն խոցել էր նրա կոկորդը, կտրել զարկերակը։ Շտապօգնության մեքենայով դուրս են բերել, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ 

Ռաֆիկի զոհվելուց հետո նրանք տեղափոխվել են Ասկերանի շրջան՝ գյուղ Այգեստան ու այնտեղ մնացել մինչեւ պատերազմի ավարտը։

Զախարը Սպանդարյանում ընկերոջ հիշատակին հուշաքար է կանգնեցրել։

Ռաֆիկ Սիմոնյանը ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 28-ին Սպանդարյան գյուղում։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ծառայել է Երեւանի հատուկ նշանակության զորքերում։

Մինչեւ ծառայության անցնելը զբաղվել է բռնցքամարտով, ավելի փոքր տարիքում՝ կարատեով։ Մայրը ցույց է տալիս որդու նկարների կողքին դրված մեդալներն ու պատվոգրերը։ «Հիմա մենակ էս ա մնացել իրենից, չեմ էլ ուզում հավատալ, էս անկյունն իմ հանգստությունն ա, գալիս ժամերով նստում ու զրուցում եմ տղայիս հետ»,- հայացքը որդու նկարից չկտրելով՝ ասում է Վարսենիկը։

Ռաֆիկին հուղարկավորել են նոյեմբերի 9-ին Մասիս քաղաքի գերեզմանատանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter