
26-ամյա Ակսել Դավեյանը հանդես կգա Ցյուրիխի օպերային թատրոնի ստուդիայում․ երազանքի ճանապարհը
Երևանի պետական կոնսերվատորիայի ավարտական կուրսի ուսանող 26-ամյա Ակսել Դավեյանը հրավեր է ստացել մեկ տարով հանդես գալ Ցյուրիխի օպերային թատրոնին կից ստուդիայի կազմում։ Նրա խոսքով՝ Հայաստանում, մանավանդ օպերային երգչի համար, դժվար է «տոմս գտնել»՝ դեպի բոլորի ցանկալի Եվրոպա, ուստի իր համար նշանակալի հաջողություն է համարում այս հրավերը։
Ակսելը 2021թ․-ի նոյեմբերին Վրաստանում մասնակցել է Opera Crown Tbilisi միջազգային մրցույթին, որտեղ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Մրցույթից հետո ժյուրիի անդամներից մեկը, որ եղել է Ցյուրիխի օպերային ստուդիայի տնօրենը, կապ է հաստատել Ակսելի հետ՝ առաջարկելով մասնակցել ստուդիայի լսումներին։ Դրանից հետո Ակսելը ստացել է այս հրավերը։ «Հույս ունեմ, որ այդ մեկ տարում ինձ կդրսևորեմ լավագույնս և ձեռք կբերեմ հնարավոր այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ կլինի՝ ավելի մասնագիտանալու իմ գործում, որ այնտեղից նոր դռներ բացվեն ինձ համար՝ դեպի երազանքի ճանապարհը»,- ասում է Ակսել Դավեյանը։ Նրա երազանքը ճանաչված երգիչ դառնալն է, լեցուն դահլիճներում հանդիսատեսի ծափահարություններին արժանանալը՝ անկախ նրանից, թե որ դահլիճի բեմում կլինի։ Ակսելի համոզմամբ՝ դեռ շատ կարճ ճանապարհ է անցել։
Երգել նա սկսել է մանկուց։ 6 տարեկանից հաճախել է Աբովյան քաղաքում Գրիգոր Համբարյանի ղեկավարությամբ գործող «Էրզրում» երգչախումբ։ Մոտ 11 տարի այդ երգչախմբում երգելուց հետո ընդունվել է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ՝ Աննա Մուսայելյանի դասարան։ 4 տարի անց ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա՝ Առնոլդ Քոչարյանի դասարան։
Երգը որպես մասնագիտություն ընտրելիս մտավախություն է ունեցել, թե ինչ ոճի երգիչ պետք է դառնա, քանի որ «Էրզրում» երգչախմբում միայն ժողովրդական և հայրենասիրական երգեր է կատարել։ «Երկար փնտրտուքների, երկար մտորումների արդյունքում որոշեցի ընտրել օպերայի ճանապարհը։ Հասկացա, որ օպերայում հնարավոր կլինի հասնել այն հաջողություններին, որոնք ես եմ ցանկանում և հուսով եմ, որ իմ ընտրած ճանապարհն ինձ հաջողություններ կբերի նաև միջազգային ասպարեզում»,- նշում է նա։
Ակսելն անկեղծանում է՝ մինչև 20 տարեկանը օպերային արվեստը չի սիրել։ «Ամոթ է նույնիսկ դրա մասին ասելը, բայց հետո, երբ սկսեցի հետաքրքրվել օպերայով, հասկացա, որ ես 20 տարի ուղղակի կորցրել եմ՝ օպերան չսիրելով ու չլսելով։ Օպերային աշխարհը շատ մեծ է ու հաստատ պետք է խորանալ այնտեղ։ Ինչքան խորանամ, այնքան հեռու կտանի ինձ»,- ասում է նա։
Հայաստանում օպերային արվեստի մասին խոսելիս Ակսելը նշում է, որ, բարեբախտաբար, դեռ կա հետաքրքրություն հանդիսատեսի կողմից․ «Չեմ կարող ասել, որ նույն մակարդակի վրա է, ինչ որ մեր իմացած եվրոպական երկրներում, բայց մարդիկ, իհարկե, հետաքրքրված են»։ Օպերային երգիչը հույս ունի, որ Հայաստանում կմեծանա հասարակության հետաքրքրությունը օպերային արվեստի հանդեպ։ Դա կախված է նաեւ երաժիշտներից ու արտիստներից, որոնք ելույթ են ունենում Մայր թատրոնի բեմում։
Ասում է, որ մեր երկրում ֆինանսական տեսանկյունից օպերային արվեստը բավարար չափով գնահատված չէ։ «Բայց երբ որոշում էի դառնալ օպերային երգիչ, ես հասկանում էի, որ ճանապարհն ինձ պետք է արտասահման տանի, որ բացի էմոցիաներից՝ նյութապես էլ ինձ կարողանամ ապահովել։ Այդ ժամանակ հասկացա, որ պետք է շատ աշխատեմ, որ հնարավորություն լինի Հայաստանից դուրս ներկայանալու»,- նշում է երիտասարդ երգիչը։
Ակսելը «Հովեր» երգչախմբի անդամ է։ Դեռ չի հասցրել օպերային թատրոնի բեմում հանդես գալ ներկայացման մեջ, միայն առանձին ելույթ է ունեցել, բայց հայաստանյան մի շարք բեմերում հանդես է եկել ներկայացումներով․ իր սիրելի բեմը Կոմիտասի թանգարան-ինստիտուտինն է։
Ցյուրիխի օպերային թատրոնը, որտեղ սեպտեմբերից ելույթ է ունենալու Ակսելը, աշխարհի հեղինակավոր թատրոններից է։ «Այնտեղ հանդես են գալիս համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն սոլիստներից շատերը, դա էլ իր հերթին յուրահատուկ շարրժառիթ է, ցանկություն՝ այնտեղ գտնվելու»,- նշում է նա։
Ակսելը նպատակ ունի հնարավորության դեպքում օտարերկրացի հանդիսատեսին ծանոթացնել հայկական երաժշտությանը․ «Արդեն պլանավորել եմ, որ եթե հանկարծ ասեն՝ մի բան կատարի հայկական ստեղծագործություններից, ինչ պետք է վերցնեմ։ Պլանավորածս երգերի մեջ են Կոմիտասի ստեղծագործությունները և «Դավիթ բեկ» օպերայից «Գուսանի երգը»»,- նշում է նա։
Թեև չի ցանկանում խոսել իր ճանապարհին հանդիպած խոչընդոտների մասին, երաժշտության ուղին նոր ընտրողներին խորհուրդ է տալիս չհիասթափվել ոչնչից, աշխատել քրտնաջան․ «Խորհուրդ եմ տալիս ընտրել անհասանելի երազանք, որի ճանապարհը միշտ անվերջանալի կթվա։ Երբ մարդը սկսում է մտածել, թե հասել է իր ուզածին, այդ ժամանակ աճը կանգնում է, զարգանալու գործընթացը դանդաղում է, նույնիսկ հետընթաց է սկսվում։ Պետք է անընդհատ նայել հեռուն, ձգտել ավելիին ու միշտ փորձել հասնել անհասանելիին»,- ասում է Ակսելը։
Նրա խոսքով՝ օպերային երգչի մասնագիտությունը միջազգային է, անկախ նրանից՝ ուզում ես մնալ քո երկրում, թե՝ չէ։ Լավ երգիչը, համոզված է, արտասահմանից հրավերներ ստանալու է։ «Պետք է ինչքան հնարավոր է շուտ հաջողություններ գրանցել և վերադառնալ Հայաստան, շարունակել ապրել այստեղ։ Ամենքս մեր գործը պետք է շատ լավ կատարենք մեր երկրում, քանի որ մենք, ծնվելով այստեղ, պարտք ունենք մեր հողին, մեր ջրին, մեր հայրենիքին»,- ասում է Ակսել Դավեյանը։
Մեկնաբանել