
Ռոբերտ Քոչարյան. «Այնպիսի զանգված պետք է հավաքվի փողոցում, որ հնարավոր լինի իշխանությանը հեռացնել»
Գործող իշխանության նկատմամբ ծայրահեղ վատ վերաբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է՝ գերազանցելով իշխանությունների համակիրների թիվը:
Այս մասին փետրվարի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը համաձայնեց լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմության վարկանիշը ևս ընկել է։
«Բայց նայեք՝ մեզանից հիասթափվողն այս իշխանության ֆանատը չի դառնալու, և մեզանից հիասթափվում են նրանք, ովքեր մեզանից սպասում են ավելի ռադիկալ քայլեր: Սա նշանակում է մի բան, որ ընդհանրապես ընդդիմադիր զանգվածը չի նվազում, աճում է: Իմ գնահատականով, դեռ չի հասունացել այն վիճակը, որով կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել, իսկապես մեծ զանգված է պետք, մենք չենք ուզում հիասթափեցնել մեր կողմնակիցներին»,- ասաց Քոչարյանը:
Ըստ պաշտոնաթող նախագահի՝ առանց փողոցային պայքարի գործող իշխանությունները չեն հեռանալու, հետևաբար այնպիսի զանգված պետք է հավաքվի փողոցում, որ հնարավոր լինի իշխանությանը հեռացնել: Քոչարյանն ընդգծեց՝ փողոց դուրս եկած մարդիկ պետք չէ պայքարեն որևէ քաղաքական գործչի, այդ թվում իր՝ իշխանության գալու համար, պայքարը պետք է լինի իշխանությանը հեռացնելու նպատակով:
«Երևանում 42%-ը տանել չի կարողանում այս իշխանությանը, վերջին հարցումներն են ամերիկյան կազմակերպության, ընդամենը 14%-ն է միանշանակ ընդունում այս իշխանություններին: Սա քաղաքական առումով ռումբ է իշխանության համար, մոտավորապես նույն հարաբերակցությունն է երիտասարդության շրջանում. ամենադժգոհ զանգվածը 18-35 տարեկան տարիքային շեմն է: Վեց ամիս առաջ այդպես չէր, երեք ամիս առաջ այդպես չէր, պրոցեսը գնում է այդ ուղղությամբ ու պետք է կարողանանք ճիշտ պահն օգտագործել»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը:
Մեկնաբանել