
Ռ. Քոչարյանն իշխանության մասին. զրո արձագանք՝ Ալիևին, բայց աքլորացել են Լուկաշեկոյի պարագայում
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն տեսակետին է, որ Հայաստանի՝ Միութենական պետության մաս դառնալու քննարկումներին պետք է վերաբերվել պրագմատիկ և որոշակի հաշվարկների հիման վրա:
Այս մասին փետրվարի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանի՝ Միութենական պետությանը մաս դառնալու քննարկումների վերաբերյալ, և արդյոք իր նախագահության շրջանում նման առաջարկ հնչել է:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցին հեգնական արտահայտություններ է թույլ տվել Հայաստանի վերաբեյալ՝ հարց հնչեցնելով, թե ո՞ւմ է պետք Հայաստանը:
«Ես Լուկաշենկոյին լավ եմ ճանաչում, կարելի է իրեն ընդունել-չընդունել, հարգել-չհարգել, բայց մի բան հստակ է՝ նա ասում է այն, ինչ մտածում է: Միշտ չէ, որ պետության ղեկավարը պետք է ասի այն, ինչ մտածում է: Ինձ համար մի քիչ անհասկանալի է այն բուռն արձագանքը, որ Հայաստանում տեղի ունեցավ իշխանական թիմի կողմից: Այն, ինչ ասում է Լուկաշենկոն, հնարավոր չէ համեմատել այն ամենի հետ, ինչ ասում է Ալիևը Հայաստանի մասին. զրո արձագանք Հայաստանի կողմից, ի՞նչ են աքլորացել Լուկաշեկոյի պարագայում»,- ասաց Քոչարյանը:
Նրա համոզմամբ՝ իհարկե Բելառուսի նախագահը նման տոնով չպետք է խոսեր Հայաստանի մասին, պետք է որոշակի կոռեկտություն պահպաներ, սակայն հստակ է, որ այդպես են մտածում բոլորը:
«Իշխանությունն անում է ամեն ինչ, որ նման մտածելակերպը արմատավորվի, չեն անում ոչինչ, որ այլ պետությունների ղեկավարներն այլ կերպ մտածեն մեր մասին: Ինչ վերաբերում է Միութենական պետության հարցին, այսօրվա աշխարհում պետք չէ ապրիորի վախենալ նման ինտեգրման պրոցեսներից: Պետք է նստել ու հաշվարկել՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում: Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք նման նախաձեռնություն չենք ցուցաբերել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ պաշտոնաթող նախագահի՝ նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել պրագմատիկ և հաշվարկի հիմքի վրա: Քոչարյանը, սակայն, վստահեցրեց՝ պետք է շատ ավելի խորացված հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ, քանի որ չկա ուրիշ երկիր, որը շահագրգռված կլինի Հայաստանին այս տարածաշրջանում գործոն սարքել:
Մեկնաբանել