
«Հյուսիս-հարավ» ծրագիրը դարձրել ենք «Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք»․ Նիկոլ Փաշինյան
Այսօր հայտարարվել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը։ Այս մասին Կառավարության փետրվարի 17-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջին փուլում հրավիրում ենք այն կազմակերպություններին, որոնք կարող են և հայտ են ներկայացնում այդ ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար։ Նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է, և այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել։ «Հյուսիս-հարավ» ծրագիրը վերաձևակերպել ենք և դարձրել «Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք»։ Սա նշանակում է, որ «Հայկական խաչմերուկի» ճյուղերից մեկը Հայաստանը կկապի Իրանին, մյուսը՝ Ադրբեջանը Հայաստանին և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա»,- քննարկման ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ աշխատանքն իրականացնող շինարարական ընկերություն կլինի։
«Արևելք-արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս, քաղաքական պայմանավորածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում, շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը։ Հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ–Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար»։
Գործադիրի ղեկավարը հույս հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները որևէ փաստաթղթի տեսքով կարձանագրվեն։ Ըստ նրա՝ նախաորակավորման փուլը տևելու է 70 օր։
Մեկնաբանել