
Դիմիտրով գյուղում՝ զարմանալիորեն շատ անօգնական ընտրողներ
ՀԱԿ վստահված անձ Լուսինե Հակոբյանի փոխանցմամբ՝ Արարատի մարզի Դիմիտրով գյուղում տեղակայված թիվ 17/27 ընտրատեղամասում առավոտից բազմաթիվ խախտումներ են գրանցվել:
Դիմիտրովի համայնքապետ Արման Իոնանովը, ով հանդես է գալիս նաեւ ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Կարինե Պողոսյանի վստահված անձ, ընտրատեղամասում ճնշում է ներկաներին, ցուցումներ տալիս եւ սպառնալիքներ տեղում իր համակիրների հետ միասին:
««Հեսա ձեզ կկորցնենք, ստեղից ողջ չեք գնա»,- եւ այս բնույթի այլ սպառնալիքներ շատ լսեցինք այսօր»,- «Հետքին» փոխանցում են ՀԱԿ վստահված անձ Լուսինե Հակոբյանը եւ ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված Գագիկ Ներսիսյանի վստահված անձ Տիգրան Եգորյանը:
Նրանց հաջողվել է բացահայտել ու կանխել կրկնակի քվեարկության փորձ: «Աղեկյան Սվետիկ անունով քաղաքացին ներկայացել էր ընտրության 2-րդ անգամ: Մեր զգուշացումից հետո ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լիանա Սայադյանը հայտնաբերեց անձնագրի կնքված էջը, որ քաղաքացի Աղեկյանը թաքցրել էր կազմի տակ»,- հայտնում է ՀԱԿ վստահված անձ Լուսինե Հակոբյանը:
Նրա հավաստմամբ՝ թիվ 17/27 ընտրատեղամասի ընտրողների մեծ մասը անօգնական վիճակում էին եւ ուղեկցողների հետ էին մասնակցում ընտրություններին:
Մեկնաբանել