
Ռ. Վարդազարյան. «Պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել՝ ցանկալի է՝ ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ»
Բարձրագույն դատական խորհրդի` լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր` փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված քննարկմանը հայտարարեց, թե այն պահից սկսած, երբ իշխանությունները հասկացան, որ ինքը չի կատարելու պատվեր, չի քաղաքականացվելու, ինքը դարձավ «ոչ հարմար մարդ»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հրավիրել էր քննարկում` դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացման և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու թեմայով:
Նշենք, որ Վարդազարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են՝ ՀՔԾ-ում նրա վերաբերյալ քննվող քրեական գործով պայմանավորված: Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Եվ չնայած ԲԴԽ անդամի թեկնածության քննարկմանը Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում էր, որ չի գնում ԲԴԽ նախագահի պաշտոնը գրավելու, սակայն հենց նա էլ ստանձնեց ԲԴԽ նախագահի թափուր պաշտոնը` ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:
Վարդազարյանն ասօր հայտնեց` Ջհանգիրյանը ժամանակին ակնարկել է, որ ցանկություն ունի զբաղեցնել իր պաշտոնը:
«Այո՛, նման ազդակներ ստացել եմ, պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել` ցանկալի է՝ ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ»,- այսպես արձագանքեց Ռուբեն Վարդազարյանը Արամ Վարդևանյանի այն հարցին, թե արդյոք ազդակներ եղել են առ այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ցանկանում է զբաղեցնել ԲԴԽ նախագահի պաշտոնը:
Վարդազարյանը հիշեցրեց` Ջհանգիրյանի թեկնածության քննարկման ժամանակ իր դիրքորոշումը հայտնել է առ այն, որ 65 տարին լրացած անձը իրավունք չունի դառնալ ԲԴԽ անդամ, քանի որ վերջինիս ներկայացվում են այն պահանջները, որոնք ներկայացվում են դատավորներին:
«Այն ժամանակ ես հիմնավորումները ներկայացրել եմ, այնուամենայնիվ, խորհրդարանն ընտրեց Գագիկ Ջհանգիրյանին որպես ԲԴԽ անդամ, դրանից հետո որևէ կերպ չեմ անդրադարձել այդ հարցին»,- ասաց Վարդազարյանը:
Բանախոսը կոչ արեց դատարանների շրջափակումը, դատավորներին կարգապահական վարույթների, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելը և նման այլ երևույթները դիտարկել մեկ դաշտում: Ըստ նրա` այդ ամենը մի նպատակ ունի` ուղղված է դատական իշխանությունը հնազանդ, կառավարելի վիճակում պահելուն:
Պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց, թե ինչ քաղաքական պատվերներ է ստացել վերջինս, Վարդազարյանն արձագանքեց` չի կարող ասել, թե իրեն զանգել և ասել են, թե ինչ դատական ակտ է պետք կոնկրետ գործով, սակայն մասնավոր զրույցներում ակնարկներ եղել են: Ըստ նրա` թե նախարարներ, թե՛ պատգամավորներ, թե՛ դատավորներ, և թե՛ անգամ իր հարևաններն ասել են` ցանկալի կլինի, որ այս արդյունքը լինի:
Քրգործերի մակագրման համակարգի խափանումն, ըստ Ռուբեն Վարդազարյանի, մի նպատակ ունի` ապահովել որոշակի հնչեղություն ունեցող գործերի մակագրումը կոնկրետ դատավորների, նրանց, ում հետ նախապես համաձայնություն է ձեռք բերվել` այս կամ այն երաշխավորված դատական ակտը ստանալու:
Իսկ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների աճի նպատակը այն է, որ ստեղծվի այնպիսի վիճակ, որ դատավորները ապրեն ու աշխատեն վախի մթնոլորտում, դատական ակտեր կայացնելիս լինեն հնազանդ:
Մեկնաբանել