
Լրագրողի նկատմամբ բռնություն են կիրառել
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի նկատմամբ Էրեբունու 12/33 ընտրատեղամասի մոտ բռնություն են կիրառել, երբ նա մասնագիտական գործունեություն է իրականացրել` նկարահանելով ընտատեղամասն ու շուրջը կատարվող իրադարձությունները:
«Դպրոցի հենց դարպասների մոտ 89 համարի երթուղային էր կանգնած, ենթադրեցի, որ գծի մեջ չէ: Հարցրեցի, թե սա վերջին կանգա՞ռն է և ո՞ւր է գնում, ասացին, որ գծի մեջ չէ ու պատվիրված է: Ներսում մի երկու հոգի կար, հարցրեցի, թե ինչը ոնց է, ասացին` դե բերում ենք, հարցրի` բարեգործությամբ, ասացին` հա, ինչ կա դրա մեջ»,- պատմում է Էլինան:
Հետո ընտրատեղամասի մոտ լրագրողը նկատել է խմբված երիտասարդների, փորձել է տեսանկարել ընտարտեղամասը և «կադրի մեջ ընկած» երիտասարդներից մեկն առանց զգուշացնելու մոտեցել ու հարվածել է լրագրողի հենց այն ձեռքին, որով վերջինս բռնել էր տեսախցիկը:
«Մինչև կամերան ընկավ ասֆալտին, մինչև ես ուշքի կգայի, եկավ հարվածեց երկրորդ անգամ, հետո որ սկսեցի գոռգոռալ, ուզում էին ձեռքիս կամերան վերցնել, չիպն էին ուզում հանել, քաշքշոց եղավ ու մի կերպ կամերաս վերցրեցի»,- շարունակեց Էլինան: Դրանից անմիջապես հետո լրագրողը հեռացել է տեղամասից:
Էլինային արդեն ոստիկանություն են կանչել, նա ցուցմունք է տվել: Ոստիկանությունում նրան ասել են, որ ամենայն հավանականությամբ քրեական գործ կհարուցվի, և բռնություն կիրառողը կպատժվի:
Լուսանկարում լրագրողին հարվածող երիտասարդն է
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել