
ՄԻՊ-ի թեժ գծին սկսել են ահազանգել նաև կուտակումների և ընտրողներին ավտոմեքենաներով բերելու մասին
Ընտրությունների առաջին 8 ժամվա ընթացքում՝ ժամը 8:00-ից 16:00-ն, մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին ստացվել է 151 ահազանգ Երևանից և մարզերից:
Եթե մինչև ժամը 12:00-ն ահազանգերը հիմնականում վերաբերում էին ցնդող դրոշմակնիքներին և բաժանվող ընտրակաշառքներին, ապա այժմ այդ ահազանգերին ավելացել են նաև բողոքները, որ ընտրատարածքներում կուտակումներ են, և ընտրողներին ավտոմեքենաներով բերում են:
ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Կարմիրշալյանը հստակ չկարողացավ նշել, թե ով և ում օգտին է ընտրակաշառք բաժանում:
«Լինում է դեպք, որ ահազանգում են ընտրակաշառքի մասին, մինչև մեր խումբը մեկնում է տեղ, արդեն չի հասցնում արձանագրել այդ ընտրակաշառքի դեպքը: Երբ արդեն այդ ամենը վերլուծվի, արդեն դեպքերը հստակ լինեն, մենք վաղը անպայման կտանք այդ ընդհանուր պատկերը, և հետո պաշտպանը անպայման հայտարարություն կանի»,- ասաց Նաիրա Կարմիրշալյանը:
Մեկնաբանել