
Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձավ նախորդ տարի ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպմանը` հետաքրքրվելով, թե ինչ աշխատանքներ են տարվում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար:
Վարչապետ Փաշինյանն արձագանքեց` Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման ու վերականգնման վերաբերյալ, ձևավորվել է աշխատանքային խումբ երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու խնդրով: Փաշինյանի խոսքով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելազյորովի հետ և քննարկվել է նաև այդ հարցը:
«Մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան՝ երկու երկրների օրենսդրության ու սուվերենության շրջանակներում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային ու այլ հսկողություն, նաև՝ պետք է համաձայնեցնենք պարամետրերով, որ նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև դրանք պետք է կպնեն իրար: Այն, ըստ էության, միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու, ու այս ամենը շատ կարևոր է, որ հնարավորինս արագ արձանագրենք, ստորագրվի դա, եթե կլինի այնպես, որ վավերացման անհրաժեշտություն կլինի, խորհրդարանում էլ վավերացվի»,-ասաց Փաշինյանը:
Խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին վարչապետն ասաց, թե ձևակերպվել են առաջարկները, փոխանցել ադրբեջական և ռուսական կողմերին, ինչպես նաև միջազգային գործընկերներին:
«Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործընթացը»,- ասաց նա:
Մեկնաբանել