
Հայաստանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
Հայաստանում Բելառուսի դեսպանը Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններից հետո հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:
Պատգամավորը նաև խնդրեց նախարարի գնահատականը Բելառուսի նախագահի հայտարարությունների առնչությամբ:
Արարատ Միրզոյանը հաստատեց, որ դեսպանը հրավիրվել է նախարարություն և վերջինիս հետ քննարկում է եղել նախագահի հայտարարության վերաբերյալ: Միրզոյանի խոսքով` առաջին անգամ չէ, որ Լուկաշենկոյի հայտարարությունները աշխարհաքաղաքական վերլուծությունների առիթ են դառնում միջազգային գործընկերների համար:
«Մեր խորին համոզմամբ` այս ձևակերպումներն ուղղված են սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, արտաքին քաղաքական օրակարգի հետ որևէ առնչություն չունեն: Այո՛, երեկ դեսպանը կանչվել է նախարարարություն, որտեղ դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքները, որ միմյանց մասին հայտարարությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա և հաշվի առնեն միմյանց շահերը»,- ասաց Միրզոյանը:
Նախարարը հույս հայտնեց, որ այսուհետ, իր ձևակերպմամբ, բարեկամ Բելառուսի բարձրագույն ղեկավարության հայտարարություններն ավելի գործընկերային կլինեն:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցի ընթացքում ասել է․ «Ում է պետք Հայաստանը»: Այս հայտարարությունից հետո քննադատական ելույթներով հանդես եկան իշխանական պատգամավորները, ապա հայտարարությամբ հանդես եկավ ԱԳՆ-ն:
Մեկնաբանել