HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Երբ փայտե հատակը ծառայում է որպես վառելիք․ ձմեռը Գյումրու տնակներում

Գյումրու Ավտոկայան թաղամասում գտնվող տնակներից մեկում է ապրում 80-ամյա Ժենիկ Խաչատրյանը։ Նրա ամուսինը վաղուց է մահացել։ Դուստրը ևս մահացել է, քաղցկեղից։ Ընտանիքի անդամների մահից հետո Ժենիկ Խաչատրյանի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել ու Արթիկ քաղաքում ունեցած իր տունը գրավադրել է՝ վիրահատությունների ծախսերը հոգալու համար։ Չկարողանալով գրավը մուծել՝ կորցրել է տունն ու տեղափոխվել Գյումրի, որտեղ գնել է այս տնակը։ Նա միայնակ ապրում է արդեն 8 տարի։ Ժենիկ Խաչատրյանն ասում է՝ ձմռանը շատ ցուրտ է տնակում։ Գազի վառարանի կողքի փոքր սեղանին են դրված նրա շյուղերը, որոնցով ամբողջ օրը տաք գլխարկներ ու ձեռնոցներ է գործում իր համար։ Չնայած ամեն տարի փայտ է վառել, այս տարի չի կարողանում։ Մեկ անգամ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանն է վառելափայտ տվել, որը, Ժենիկ Խաչատրյանի խոսքով, 5 օրում վերջացել է։

«Իմ նպաստի բալը 36 է, անցած տարի մարզպետարանը տվեց ըդուր համար։ Նախորդ տարիներին էլ քաղաքապետարան եմ դիմում գրել, տվել են։ Էս տարի քաղաքապետարան կերթամ, մարզպետարան կերթամ, կըսեն՝ եղած դեպքում կբերենք, բայց չեն բերե»,- ասում է նա։

Այս տարի գազի վառարանով է տաքացնում տնակը, բայց դժգոհում է, թե թոշակն ու նպաստը չեն բավականացնում կոմունալ ծախսերին։ Տան ջուրը սառել է, ամեն օր հարևաններից դույլերով ջուր է բերում։ Տնակում լոգարան չկա, Ժենիկը քաղաքի ընդհանուր բաղնիքից է օգտվում։

Նա մեզ ուղեկցեց հարևան տնակ՝ պատմելով, որ իրենց թաղամասում ոչ մեկին վառելափայտ չի տրվել։

- Եկեք, եկեք տեսեք։ Արդեն խելըռել ենք էս ջեռուցման ձեռը։
- 3 անչափահաս երեխեն նստած՝ ճյուղ կվառեմ։

Մուտքի մոտ այս խոսքերով մեզ դիմավորեցին Ժենիկ Խաչատրյանի հարևաններ Արմենուհի Ավետիսյանն ու Մնացական Կարապետյանը։ Մնացականը պատմեց, որ նախորդ տարիներին գնացել է արտագնա աշխատանքի, կարողացել են վառելափայտ գնել, իսկ այս տարի առողջական խնդիրների պատճառով չի գնացել։ Քանի որ  նախորդ տարի նպաստառու են եղել, մարզպետարանից որպես աջակցություն վառելափայտ են ստացել, դրանից առաջ էլ քաղաքապետարանն է տվել։ Բայց այս տարի ոչ մեկից ոչինչ չեն ստացել։ Մնացականի կինը՝ Արմենուհին, առողջական խնդիրներ ունի, չի կարող աշխատել, 27-ամյա որդին 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, սակայն նպաստ չի ստանում: Ծնողների խոսքով` դիմել են Գյումրի քաղաքի միասնական սոցիալական ծառայություն, որտեղից պատճառաբանել են, թե աշխատունակ է: Մյուս որդին, որ 30 տարեկան է, սրտի արատ ունի, ինչի պատճառով բանակ չի զորակոչվել։ Ընտանիքում ոչ մեկը չի աշխատում։ Ասում են՝ միայն կարտոֆիլ հավաքելու ժամանակ են գնում գյուղեր ու փոքր-ինչ վաստակում։ Նրանց ավագ որդին ու հարսն ամուսնալուծվել են, բայց երկու անչափահաս երեխաները հաճախ են գալիս եւ մնում իրենց տնակում։ Ամուսնալուծվելուց հետո հարսը երեխաներին գրանցել է իր հայրական տան վրա, այդ պատճառով այս տարի ընտանիքը նպաստ էլ չի ստանում։ Արմենուհին ցանկանում է, որ հաշմանդամություն ունեցող որդուն նպաստ տան։ Նրանց դուստրն իր երկու անչափահաս երեխաների հետ նույնպես ապրում է այս տնակում՝ հոր և մոր հետ։ 

Մնացական Կարապետյանը վրդովված ցույց է տալիս նախամուտքի հատակը, որն ամբողջությամբ բետոնե է։ Ասում է՝ ճար չեն ունեցել, փայտե հատակն է վառել։ Հետո տեղափոխվում ենք ննջասենյակ, ցույց է տալիս փտած հատակն ու ասում՝ շուտով հերթը դրան է հասնելու։ Բակի ծառերն էլ վաղուց են վառել։ Արմենուհի Ավետիսյանը դրսի աղբից է հաճախ տարբեր իրեր, ճյուղեր հավաքում, որ տնակը տաքացնեն։

Ասում է՝ բազմիցս դիմել է մարզպետարան, քաղաքապետարան վառելափայտ տրամադրելու խնդրանքով, բայց ապարդյուն։ Մնացականն էլ հավելում է՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանին ևս դիմել են, բայց վերջինս ուղղորդել է գնալ քաղաքապետարան։

Շիրակի մարզպետարանից «Հետքին» հայտնեցին, որ 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրի քաղաքում տեղադրված կամ ժամանակավոր կառուցված ոչ հիմնական շինությունների թիվը 2021 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ 2795 է։ Իսկ Գյումրու համայնքապետարանը փետրվարի 8-ին մեզ հայտնել է, որ տնակների թիվը 2769 է։

Հարցին, թե Գյումրու համայնքապետարանն ինչ ծրագրեր է իրականացնում տնակներում բնակվող ընտանիքներին վառելափայտով ապահովելու ուղղությամբ, պատասխանեցին, որ համայնքի տարածքում գտնվող ծառերի էտման արդյունքում առաջացած վառելափայտը կոմունալ ծառայությունը բաժանում է դիմումներ ներկայացրած և նախապես հերթագրված քաղաքացիներին։

«Քանի որ էտման արդյունքում առաջացած փայտը սահմանափակ է, ոչ բոլոր բնակիչներին է հասնում։ 2021-2022 թթ․ ընթացքում վառելափայտ տրամադրվել է մոտ 300 ընտանիքի»,- նշված է պատասխան գրության մեջ։

Շիրակի մարզպետարանն էլ մատնացույց արեց Կառավարության 2021 թվականի փետրվարի 22-ի որոշումը, համաձայն որի՝ Կառավարությունը Շիրակի մարզպետարանին է տրամադրել 45 միլիոն 840 հազար դրամ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Շիրակի մարզպետարանին տրամադրած ցուցակում ընդգրկված շահառուներին վառելափայտ տրամադրելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում է մեզ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ցուցակում ընդգրկված է 1500 շահառու ընտանիք։

Կառավարության որոշման մեջ նշված է, որ շահառու կարող են դառնալ Շիրակի մարզում հաշվառված, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 20.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում կամ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքները։ Այս ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվել է մեկական խորանարդ մետր վառելափայտ։

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը, անդրադառնալով Կառավարության իրականացրած այդ ծրագրին, ասաց․ «Նախորդ տարի սոցապ նախկին նախարարը՝ Մեսրոպ Առաքելյանը, եկավ մեր մոտ, ասաց՝ ինչո՞վ օգնեմ այդ ընտանիքներին, ասեցի՝ վառելափայտ բաժանիր։ Գնացին, մի շաբաթ հետո այդ որոշումը կայացրին։ Նախորդ տարի բաժանեցին ու վերջացրին։ Սա 2021 թվականի ծրագիրն է, որն իմ առաջարկությամբ արել են, դրանից հետո ոչ մի բան էլ չեն բաժանել»։

Նա նշեց, որ այդ ծրագրով վառելափայտ բաժանվել է 1000 ընտանիքի, ոչ թե 1500։

«Շիրակ կենտրոնն» ունի 10-ից ավելի ծրագրեր, որոնց թվում՝ նաեւ Շիրակի մարզում վառելափայտի տրամադրման ծրագիրը, որն արդեն 15-16-րդ տարին է՝ իրականացնում են։

«Վառելափայտի ծրագիրն ամենամյա է, այս տարի ևս սկսել ենք հոկտեմբեր ամսից և բաժանել ենք մոտավորապես 270 մետր խորանարդ վառելափայտ շուրջ 400 ընտանիքի։ Ընտանիքներին տալիս ենք մի քանի անգամ․ քիչ-քիչ ենք բաժանում, բայց հաճախակի»,- ասում է Վահան Թումասյանը։

Նրա խոսքով՝ այնքան շատ են դիմումները, որ երբեմն չեն կարողանամում ընտրել՝ ում ընդունեն և ում մերժեն։ Այդ պատճառով էլ առավել խոցելի ընտանիքներին են տրամադրում։ «Բացի այդ, 15 տարի աշխատելով, արդեն բոլորին էլ գիտենք, թե որը ինչ ընտանիք է, ինչ երեխաներ կան»,- նշում է նա։

Այս տարի Շիրակի մարզում բավականին ցուրտ ձմեռ է, Վահան Թումասյանը ցրտահարության 3 դեպք է բացահայտել. «Նույնիսկ եթե շատ սաստիկ էլ չէ ցուրտը, մարդիկ տնակներում 1-2 աստիճանի տակ էլ կարող են մրսել, որովհետև թերսնված մարդիկ ավելի շուտ են մրսում»։

Խոսելով կազմակերպության ֆինանսավորման մասին՝ Վահան Թումասյանն ասաց, որ որևէ կառավարական կամ միջազգային ֆոնդի հետ չեն աշխատում: Ծրագրի ֆինանսավորման առյուծի բաժինն ընկնում է ԱՄՆ «Թարփինյան» ֆոնդին, բայց անհատապես շատերն են օգնում։

Նրա խոսքով՝ միայն Գյումրի քաղաքում նվազագույնը 5000 ընտանիք ձմռան վառելիքի խնդիր ունի, իսկ իրենց կազմակերպությանն ուղղված դիմումների թիվը հասնում է մոտավորապես 1500-ի։

Կան դեպքեր, երբ սոցիալական վիճակի պատճառով մարդիկ, որոնք գազ ունեն, բայց չեն կարողանում վառել, ստիպված փայտ են խնդրում։ Ստացվում է, որ վառելափայտ է տրամադրվում ոչ միայն տնակերում ապրող մարդկանց, այլ նաև քարաշեն կացարաններում բնակվողներին։

Վահան Թումասյանն այս հարցով պետական ոչ մի մարմնի չի դիմել․ «Ես ցույց եմ տալիս, թող իրենք գնան օգնեն։ Ոնց մենք ենք անում, այդպես էլ թող իրենք անեն»,- ասում է նա։

Հասարակական կազմակերպության նախագահի համոզմամբ՝ այս խնդիրը ուշադրություն է պահանջում պետական մարմինների կողմից։ Նշում է, որ իրենց տրամադրած վառելափայտը հարցի լուծում չի կարող լինել, կազմակերպությունը չի կարող վառելափայտով ապահովել ամբողջ ձմռան համար, որովհետև դա հսկայական ծախս կլինի։

Նշենք, որ մինչ նյութը կհրապարակվեր, այս երկու ընտանիքներին քաղաքապետարանը աջակցություն տրամադրեց։

«1 կուբըմ թաց փեդ բերեցին, էդ էլ էնքան խնդրեցինք, որ հազիվ տվեցին։ Գնացել եմ 1000 դրամով չոր փեդ եմ առե, որ տակը լցնեմ, վառի, թե չէ՝ չի վառի»,- ասաց Ժենիկ Խաչատրյանը։

«Էնքան-էնքան խնդրեցի, որ 4 հատ թաց գերան բերեցին, չի էլ վառի, ես չիդեմ, թե ինչ բդի եղնի»,- պատմեց Արմենուհի Ավետիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter