
Դրոշի մասին օրենքում փոփոխությունը միաձայն ընդունվեց
Խորհրդարանը միաձայն` 84 կողմ ձայնով ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է դրոշի կիրառման շրջանակներն ընդլայնել:
Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային, մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն: Առաջարկվում է նաև կանոնակարգել Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը, իսկ սգո օրերին դրոշը պետք է իջեցվի:
Այս կանոնները խախտելու դեպքում նախագծով առաջարկվում է վարչական տուգանք սահմանել:
Քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ կողմ են քվեարկելու նախագծին: Ընդդիմադիր պատգամավորները տեղից սկսեցին ծափահարել, ինչին նախագահող Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց` ինչո՞ւ ոչ, ու ինքն էլ սկսեց ծափահարել:
Մեկնաբանել