
Անդրանիկ Քոչարյան. «Տևական խաղաղության համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը»
Տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը:
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նման տեսակետ հայտնեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ներկայիս աշխարհաքաղաքական դինամիկ վտանգավոր զարգացումների պայմաններում մեր պետությունը չի կարող դիմակայել առանց ռազմավարական գործընկերների և հարևան պետությունների հետ հստակ կանոնակարգված հարաբերություններ ձեռք բերելու: Ակնհայտ է, որ դարեր շարունակ կայսերական նկրտումներ ունեցած պետության գենետիկ հիշողությունը ժամանակ առ ժամանակ հարմար միջավայր ստեղծվելուն պես գլուխ է բարձրացնում, սակայն մեզ համար կարևոր է նման դեպքերում արժանի դիմադրություն կազմակերպելը»,- ասաց նա:
Ըստ բանախոսի` Հայաստանի խնդիրն է Կովկասի տարածաշրջանի հիմնական խաղացողների քայլերը հասկանալ, դրանք վերլուծել, և ամենակարևորը` լինել իրատես:
«Տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը, որքան էլ պարտված լինելու հանգամանքը մեզ համար խոչընդոտներ է ստեղծելու»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով` անցյալում կատարվածից դասեր քաղելով՝ Հայաստանը կկենտրոնացնի իր ազգային, գիտական ներուժը, կփորձի սկիզբ դնել տեղական մրցունակ սպառազինության արտադրությանը:
Նա նաև կարևորեց երկիրը ներքին ցնցումներից և բզկտումներից զերծ պահելը՝ շեշտը դնելով արտաքին հավասարակշռված քաղաքականության ձևավորման և կայունության ամրապնդման վրա:
«Երկարատև խաղաղության հաստատման և պետության անվտանգության լիակատար ապահովման համար մեզ պետք է միասնականություն, սառը բանականություն և խոհեմություն ցուցաբերել՝ չմոռանալով անցյալը: Սա է առաջ շարժվելու և նշանակալի հաջողություններ գրանցելու ամենաարդյունավետ ճանապարհը»,- եզրափակեց իշխանական պատգամավորը:
Մեկնաբանել