
«Իսկ ու՞մ է պետք Լուկաշենկոն». ՔՊ-ականներն անդրադարձան Բելառուսի նախագահի հարցազրույցին
Այսօր խորհրդարանի հերթական նիստում իշխանական պատգամավորներն անդրադարձան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` նախօրեին ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ընթացքում արտաբերած մտքերին, երբ վերջինս հարց է հնչեցրել, թե ու՞մ է պետք Հայաստանը: Վաղարշակ Հակոբյանը դատապարտեց Լուկաշենկոյի արտաբերած մտքերը:
«Ես ուզում եմ նշել, որ այդ որակումներն իսկապես դատապարտելի են, մեր գործընկեր երկրի ղեկավարը իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ: Ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերի ժամանակ, թե ում էր պետք Հայաստանը: Վստահ եմ` պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց նա:
Այնուհետև նույն թեմային անդրադարձավ Հովիկ Աղազարյանը. «Լուկաշենկոները և Մարգարիտա Սիմոնյաններն իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին: Լավ կլինի Լուկաշենկոն նման գնահատականներ տալուց առաջ Մինսկի օդանավակայանը մտնի, որ ավելի շատ հիշեցնում է խոզանոց»,-ասաց Աղազարյանը:
Թեման եզրափակեց իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը` հռետորական հարց հնչեցնելով, թե ում է պետք Լուկաշենկոն:
«Էս հռետորական հարցը կարծում եմ իր ժողովուրդն իրեն տվել է, և էն պրոցեսները, որ էդ երկրում տեղի ունեցան, հստակ գնահատական էր իր անցած պաշտոնավարման ժամանակահատվածին՝ որ երկրիրն ինչ վիճակում էր պահել ու դրա արդյունքում ինչ եղավ»,-ասաց Ռուստամ Բաքոյանը:
Մեկնաբանել