
Ծավի լավաշը (ֆոտոպատմություն)
Փուռն աշխատում է առանց հանգստյան օրերի։ Փայտով տաքացվող թոնրում թխված Ծավի լավաշը հայտնի է տարածաշրջանում իր թարմությամբ ու համով։
Մելանյան փռի առաջին հացթուխն է, այժմ տաք թոնիրը մտնելու բարդ արհեստը սովորեցնում է համեմատաբար ուշ միացածներին։ Մելանյան 44-օրյա պատերազմի ժամանակ գյուղում է եղել․ բոլորի հետ հաց են թխել, իր մասին շատ չի խոսում, այլ երեք որդիների, ովքեր մասնակցել են գյուղի տարածքում մարտական հերթապահությանը։
Պարզանուշը, որին կարճ Պարզիկ են ասում, 32 տարի առաջ հարս է եկել Ծավ ու մնացել գյուղում։ Լուսանկարում նա գնդած խմորն անցկացնում է գրտնակող սարքի միջով։
Քնարն աչքի է ընկնում աշխատանքային արագ տեմպով ու աշխուժությամբ։ Ֆոտոխցիկի արագությունը հաճախ չէր հասցնում կենսուրախ այս կնոջ հետևից։
Փռում աշխատանքային օրը սկսում է երեկոյան` 19:30, ավարտվում՝ ուշ գիշեր։
Հարևան սենյակում Թամարան ու Լուսինեն հաց են թխում։
Օրական թխվում է 50-100 բատոն ու մատնաքաշ։
2020թ․-ին Քնարը նույնպես մարտական հերթապահություն է իրականացրել՝ պաշտպանելով սեփական գյուղի սահմանները։
Էլմիրայի տրամադրությունը տարբերվում է մյուսներից․ նրա ավագ որդին՝ Տիգրանը, օրերս եկել է արձակուրդ, ծառայում է ՀՀ հյուսիսային զորամասերից մեկում։
Հարցին, թե ինչի՞ կարիք ունի այժմ սահմանամերձ դարձած Ծավը, ասում են, որ իրենց ոչինչ պետք չի, թող զինվորին ու բանակին ավտոմատներ տան, բայց որ աշխատող զենք լինի։
Ճիշտ է, փռում աշխատանքը ծանր է ու հոգնեցուցիչ, բայց տունդարձի ճանապարհին այս տեսարանի համար, կարծում եմ, արժե մի քիչ նախանձել տիկին Պարզիկին։
Առավոտյան 8-ին Արսենն արդեն հացը տեղավորում է մեքենայի մեջ։
Մինչ այդ գյուղը ձմեռային քնի մեջ է։
Նույնիսկ Երևանում հաճախ չես տեսնի այսպես խնամքով ու հիգիենիկ փաթեթավորված հաց։
Արսեն Աղաջանյանն ինքն է առաքում հացը, քանի որ այս պահին վարորդի հաստիքն ազատ է․ ասում է՝ դժվար է գյուղում աշխատող գտնելը։
Գյուղերում մարդիկ հստակ ժամի սպասում են մոխրագույն «ՈւԱԶ» ավտոմեքենային, որը Ծավից բերելու է իրենց թարմ լավաշը կամ հացը։ Մի քիչ շատ են վերցնում, որովհետև դժվարանցանելի այս ճանապարհով հացի մեքենան երկու-երեք օրը մեկ է անցնում։
Ճակատեն-Կապան նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհին ենք։ Եղանակը մեր կողմից է․ առավոտյան ժամերին հողը սառած է, ցեխ չի դառնում ու համեմատաբար հեշտ է երթևեկել այս հատվածներով։
Մի փոքր սպասում ենք, որպեսզի ճանապարհի վրա աշխատող տեխնիկան դադարեցնի աշխատանքն ու ճանապարհ տա։
Կապանում նույնպես սպասում են Ծավի հացին։
Բացի հաց առաքելը, Արսենը նաև կատարում է համագյուղացիների խնդրանքները՝ Կապան այցերի ժամանակ գնելով դեղորայք, այլ ապրանքներ։
Տիկին Մելանյան, Քնարը, Պարզիկն ու Էլմիրան․ Ծավի լավաշի փռի հացթուխները։
2022, հունվար, Ծավ, Սյունիքի մարզ։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել