
Մեկուկես տարի անորոշության մեջ. մայոր Հայկյանին փնտրում են և՛ զոհվածների, և՛ ողջերի մեջ
Պատերազմի երկրորդ օրը՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին, Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է զոհվածների անունները, որտեղ եղել է նաև մայոր Նիկոլայ Հայկյանի անունը: Այդ օրից անցել է 1,5 տարի, և մինչ օրս 48-ամյա մայորի ո'չ աճյունն է հայտնաբերվել, ո'չ էլ «Կարմիր խաչի» փնտրտուքն է արդյունք տվել:
Կինը՝ Կատյա Բուդաղյանը, պատմում է, որ ամուսինը Ջրականի զորամասում էր ծառայում, սեպտեմբերի 25-ին դիրքեր պետք է բարձրանար: Այդ օրն իրեն հիվանդանոցից տուն է տարել դեռևս լրիվ չապաքինված:
«Ամուսինս 24-ին էր տուն եկել, շատ անտրամադիր էր, հաց չկերավ, ոչինչ չխոսեց: Նեղվել էր, որ բուժումներն ինձ չէին օգնել, քայլել չէի կարողանում: Ինքն էլ առողջական խնդիրներ ուներ, ասացի` գնա հոսպիտալ, ասաց` դիրքերից գամ՝ հետո ու շտապ գնաց»,- ամուսնու հետ վերջին զրույցն է վերհիշում Կատյան:
Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի հայոց լեզվի ուսուցչուհի Կատյա Բուդաղյանը պատմում է, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան գյուղն արդեն թիրախավորված էր: Իրենք արթնացել են առաջին զարկից, պատուհանի ապակիները փշրվել են, փոշին՝ պատել տունը: Այդպես են իմացել, որ պատերազմը սկսվել է: Երեխաների օգնությամբ իջել են առաջին հարկ, որ բեկորներից պաշտպանվեն:
Որդիներից ավագը ժամկետային զինծառայող էր այդ ժամանակ, նա նույնպես սեպտեմբերի 25-ին էր դիրքեր բարձրացել: «Զանգեցինք տղայիս, ամուսնուս, եղբորս, բայց ոչ մեկի հետ չհաջողվեց կապվել: Ամենից շատ որդուս համար էի անհանգիստ: Ամուսինս մեկ րոպեով զանգեց, փոքր տղաս հարցրեց՝ պա'պ, ի՞նչ է կատարվում, ասաց՝ լավ-լավ, հետո, վիճակը շատ վատ է, ու անջատեց: Դա նրա վերջին զանգն էր»,- պատմում է Կատյան:
Կատյայի ընտանիքը վերջինն է դուրս եկել Թաղասեռից, սեպտեմբերի 27-ի գիշերը քույրը զանգել և ասել է, որ պետք է դուրս գան: Ասում է՝ այդ ժամանակ նկատեցին, որ գյուղում մարդ չկա, բոլորը հեռացել են: Համայնքապետն ասել է՝ մենակ դուք եք մնացել, պետք է դուրս գաք:
«Քույրս իր երեխաների հետ եկավ մեզ մոտ, գիշերը մի մեքենա եկավ և մեզ տարավ անտառ: Այնտեղ հին շենատեղի ունենք և մի եկեղեցի, որտեղ էլ պատսպարվեցինք: Երեկոյան մեր թաքստոց եկավ հորեղբորս տղան և ասաց, որ Կոլյան վիրավորվել է: Նա լաց էր լինում, հասկացա, որ չցանկացավ վատ լուրը միանգամից հայտնել երեխաներիս: Նա նույնպես հեռուստացույցի հաղորդագրությունից էր տեղեկացել ամուսնուս զոհվելու մասին:
Մենք նորից հետ գնացինք տուն, տալերս արդեն մեր տանն էին, գյուղում ուրիշ ոչ ոք չկար: Սպասում էինք, որ հորեղբորս տղան մի լուր կբերի, բայց նա երկար փնտրել էր՝ զորամասում, հիվանդանոցներում և ոչինչ չէր կարողացել պարզել: Հաջորդ առավոտյան ասաց՝ գնամ, տեսնեմ դիակը որտեղից ենք գտնում: Հաջորդ օրն էլ ձեռնունայն վերադարձավ և ասաց՝ ձեզ պետք է տանեմ Գորիս, պետք է դուրս գաք, վիճակը շատ վատ է, դուք չեք պատկերացում, թե ինչքան վատ է, եթե մի լուր լինի, կգամ ձեր ետևից։ Այդպես հարկադրված հեռացանք գյուղից, ամուսնուս մահն էլ չկարողացանք սգալ»,- ասում է Կատյան:
Անտառով, Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերով հասել են Գորիս: Այնտեղից էլ տաքսիով ճանապարհվել են Աբովյան, որտեղ արդեն ապաստանել էր նրա ընտանիքը: «Սեպտեմբերի 29-ի գիշերը հասել ենք Աբովյան քաղաք և այդ օրից մինչև հիմա ոչ մի հստակ բան չգիտենք ամուսնուս մասին»,- պատմում է Կատյան:
Երևանի հանրակացարանի նրանց փոքրիկ սենյակում, որտեղ ժամանակավոր բնակվում է ընտանիքը, փոքրիկ սառնարանի վրա Նիկոլայ Հայկյանի լուսանկարն է դրված: Կատյան ասում է, որ այն մեծացրել են հեռախոսի մեջ պահպանված միակ լուսանկարից: Տնից միայն փաստաթղթերն են վերցրել՝ մտածելով, որ կվերադառնան: Ասում է՝ այդ պահին չէինք էլ կողմնորոշվի, թե ինչ պետք է վերցնենք հետներս:
Մեր զրույցին լուռ հետևող գործընկերս՝ լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը, խախտում է լռությունը և ասում, որ հաճախ երազները հուշում են եղելությունը: «Երբևէ երազում չե՞ք տեսել ձեր ամուսնուն»,- հարցնում է նա:
«Ես չեմ քնում, որ երազ տեսնեմ»,- պատասխանում է Կատյան:
Նրա պատասխանից հետո փոքրիկ սենյակում շնչելն ավելի է դժվարանում:
Կատյան ասում է, որ պատրանքներով չի ապրում, ամուսինը միշտ դիրքերում է եղել, և իրենք միշտ պատրաստ են եղել ամենավատ լուրին: Հիմա իրենց սպասածից էլ վատ վիճակ է:
«Գերեզման չունենք, որ մի ծաղիկ խոնարհենք՝ հանգստանանք»,- ասում է Կատյան:
Պատերազմի ավարտից հետո, երբ Թաղասեռ գյուղն անցավ թշնամու վերահսկողության տակ, նրանք, հույսներն ամեն ինչից կտրած, դիմել են արցախցիների նախնական կայանման կենտրոն՝ իրենց կացարանով ապահովելու համար: Կատյայի ասելով՝ սարսափելի պայմաններ էին Աբովյանի այն կացարանում, որտեղ տեղավորել էին տեղահանվածներին, շատերը նույն գիշերը դուրս են եկել կացարանից:
«Մենք նույնպես դուրս եկանք, Ջերմուկում տուն վարձեցինք և երկու ամիս մնացինք այնտեղ: Հետո մեզ օգնեցին տեղափոխվել և ժամանակավորապես բնակվել Երևանի հանրակացարաններից մեկում»,- հայտնեց Կատյան:
Պատերազմից հետո որդին ավարտել է զինվորական ծառայությունը ու միացել նրանց, կրտսեր որդին զորակոչվել է ծառայության: Կատյան հիմա բնակվում է դստեր և որդու հետ: Ամուսնու ճակատագրի անորոշությունը դժվարություններ է ստեղծում ընտանիքի սոցիալական կարգավիճակը ճշտելու հարցում և զրկում տեղահանվածների ու զոհվածների ընտանիքների համար նախատեսված սոցիալական օգնություններից:
«Պատկերացրեք, որ բաճկոն էին տալիս օգնություն։ Մեզնից մահվան վկայական են ուզել, իսկ մենք չունենք,- օրինակ է բերում նա և ավելացնում,- մենք մինչև հիմա ոչ մի կարգավիճակ չունենք՝ ո՛չ զոհվածի ընտանիք ենք համարվում, ո՛չ անհետ կորածի»:
Կատյան դիմել է դատարան՝ ամուսնուն զոհված ճանաչելու համար, իսկ դատարանը Նիկոլայ Հայկյանին անհետ բացակայող է ճանաչել:
«Անհետ կորած չճանաչեց՝ ասելով, որ անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում, բայց զոհվածի կարգավիճակ էլ չեն տալիս՝ պատճառաբանելով, որ դրա համար դիահերձարանի բժշկի տեղեկանքն է անհրաժեշտ»,- հայտնեց Կատյան:
Զորամասի հրամանատարությունը, որտեղ ծառայել է ամուսինը, ընտանիքին տեղեկանք է տվել, թե որտեղ, որ օրը և ինչ վիրավորումից է զոհվել մայոր Նիկոլայ Հայկյանը: 2021թ. փետրվարին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Ն. Հայկյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
Դատարանի վճռից հետո զորամասի հրամանատարությունը փոխել է Նիկոլայ Հայկյանի վերաբերյալ նախկինում, իբրև զոհվածի, կայացրած հրամանները, նոր հրամանագրով նրան ազատել է աշխատանքից ու թողել կադրերի տրամադության տակ: Կատյայի պատմելով՝ հետո զորամասից առաջարկել են վերադարձնել մեդալը, երբ Նիկոլայը գտնվի՝ ավելի բարձր պարգև կտան: Պատասխանել է՝ թող նախագահի հրամանով պահանջեն, վերադարձնեմ:
Այնուհետև Կարմիր խաչից զանգել են ընտանիքին, Ն. Հայկյանի անձնական տվյալներն են ուզել՝ Ադրբեջանի Հանրապետություն հարցում կատարելու համար: Կասկածներ կան, որ կարող է գերեվարված լինել, բայց մինչ օրս ոչինչ չեն պարզել: Ընտանիքի անդամները երկու անգամ ԴՆԹ են հանձնել, սակայն համընկնում չի եղել:
Կատյան ասում է, որ այդ զորամասից երեք սպա է ողջ մնացել, երեքն էլ վիրավոր են եղել: Պատերազմից ամիսներ անց նրանք այցելել են իրենց, և սպաներից մեկը հայտնել է, որ Նիկոլայը սկզբում գլխից էր վիրավորվել, այնտեղ մեքենա է եղել, և ուզեցել են դուրս բերել մարտադաշտից, բայց հրաժարվել է: Նրա հետ 20 հոգի ժամկետային զինծառայող է եղել, որոնց չի ցանկացել մենակ թողնել, շարունակել է կռվել, հետո ոտքերից է վիրավորվել, վիճակը ծանր է եղել: Զինվորներից երկուսն ասել են, որ Ն. Հայկյանին մահացած են տեսել:
«Սակայն, բոլորի վերջնական խոսքն այն է, որ Կոլյային վիրավոր թողել են դաշտում»,- պատմում է կինը:
Որոնողական աշխատանքների մեկ տարին վաղուց լրացել է, Նիկոլայ Հայկյանը ո՛չ զոհվածների մեջ է հայտնաբերվել, ո՛չ ողջերի: Ուստի, մեկ ամիս առաջ Կատյա Բուդաղյանը կրկին դիմել է դատարան՝ ամուսնուն մահացած ճանաչելու համար:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել