
Եվրասիական զարգացման բանկը 1,7 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` էներգախնայող ծրագրերի համար
Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագիր կկնքվի, որով Հայաստանին 1մլն 719 200 դոլարի աջակցություն կտրամադրվի։ Համաձայնագրի ստորագրման առաջարկությունը հավանություն ստացավ Կառավարության հունվարի 27-ի նիստում։
Ծրագիրն հիմնական նպատակներն են՝
- Հանրային նշանակության թվով 20 շենքերում (դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց) էներգախնայողության մակարդակի աճ 50 տոկոսով, ինչը կհանգեցնի տարեկան 3000 մՎտ*ժամ էլեկտրաէներգիայի խնայողության և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշի նվազեցման:
- Էներգետիկ ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների սուբյեկտների կայացում և զարգացման աջակցություն:
- Նվազագույնը 20 մարզային վարչական մարմինների ներկայացուցիչների շրջանում էներգախնայողության վարկերի ներգրավման մեխանիզմների և էներգախնայողության արդյունավետության մասին իրազեկվածության աճ:
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ առաջարկվող ծրագրի գլխավոր քաղաքական նպատակը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործման հարցում ՀՀ կառավարությանն աջակցություն ցուցաբերելն է (մասնավորապես՝ ժամանակակից, կայուն, հուսալի, ոչ թանկարժեք էներգիայի աղբյուրների հասանելիության ապահովում բոլորի համար, քաղաքների և բնակելի տարածքների կենսունակության, կայունության, անվտանգության ապահովում, կլիմայի փոփոխության և դրա հետևանքների դեմ պայքարի հրատապ միջոցների ձեռնարկում):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել