
Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ուսումնասիրելու։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Դեռևս 2021 թ.-ից ԱԱԾ-ում քննվում է Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Այդ գործի շրջանակներում էլ ազգային անվտանգության ծառայությունը պետք է ուսումնասիրի Արմեն Սարգսյանի՝ Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի լինելու փաստը թաքցնելու հանգամանքը։
«Նկատի ունենալով, որ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցի առնչությամբ դեռևս 2021թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ներկայում գտնվում է ՀՀ ԱԱԾ-ում, «Հետք» էլեկտրոնային պարբերականի տվյալ հրապարակումն ուղարկվում է վարույթն իրականացնող մարմնին՝ դրանում նշված հանգամանքները նշված քրեական գործի շրջանակներում ստուգման առարկա դարձնելու նպատակով»,– փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Հետք»-ը երեկ գրել էր, որ Արմեն Սարգսյանը մինչև նախագահ դառնալը 2017 թվականին հանդիսացել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի։ Այդ պայմաններում նա չէր կարող դառնալ ՀՀ նախագահ, քանի որ մինչև նախագահ դառնալու օրը նախագահի թեկնածուն պետք է առնվազն 6 տարի միայն ՀՀ քաղաքացի լիներ։
ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել