
Խմբակցությունները նախագահի թեկնածուների անուններ չեն ցանկանում հնչեցնել
Խորհրդարանական թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղաքական մեծամասնությունը չեն շտապում նախագահի իրենց հավանական թեկնածուների անունները հնչեցնել:
Քաղաքական մեծամասնության պատգամավոր Գևորգ Պապոյանը, խորհրդարանական ճեպազրույցներին անդրադառնալով հարցին, թե իշխանական խմբակցությունում արդյոք նախագահի թեկնածուի անուններ շրջանառվում են, հարցը ժամանակավրեպ որակեց: Պատգամավորը կոչ արեց սպասել ևս 5-6 օր, երբ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կարող է հրաժարականի դիմումը հետ վերցնել, այդ ժամանակը սպառելուց հետո նոր անդրադառնալ իրենց հավանական թեկնածուների վերաբերյալ հարցին: Պապոյանի խոսքով՝ այժմ նախագահը Արմեն Սարգսյանն է, և քանի դեռ օրենսդրությամբ նախատեսված ժամանակը սպառված չէ, ճիշտ չէ խոսել այլ թեկնածուների մասին: Նման պատասխան տվեց նաև Վահագն Հովակիմյանը:
«Նախագահը դիմումը հետ վերցնելու համար ունի յոթնօրյա ժամկետ, այն սկսել է հոսել էսօրվանից, բայց օրենքի համաձայն նա գրավոր դիմումով կարող է հետ վերցնել հրաժարականի դիմումը: Եւ այժմ սկսել քննարկել թեկնածուների հարցը, ճիշտ չէ նախագահի ինստիտուտի նկատմամբ»,- ասաց Հովակիմյանը:
Ըստ իշխանական պատգամավորի՝ քանի դեռ Արմեն Սարգսյանը տեսականորեն դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, իշխանական խմբակցությունում նախագահի թեկնածուներ չեն քննարկվում:
Իշխանական պատգամավորները չցանկացան անդրադառնալ Հետքի հրապարակմանը, որի համաձայն Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելիս եղել է երկքաղաքացի: Պատգամավորների կարծիքով՝ մամուլի հրապարակումները իրավապահ մարմինների համար ուսումնասիրության հիմք են, սակայն այս պահին գնահատականներ տալ չեն շտապի:
Նախագահի թեկնածուների անուններ չի շտապում հնչեցնել նաև ընդդիմությունը: Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ դեռ խմբակցությունում քննարկումներ են ընթանում: Առաջիկայում կհայտնեն իրենց որոշման մասին: Իսկ այն, որ նախագահի թեկնածուն պետք է անկուսակցական լինի, «Հայաստանի» համար միանշանակ է:
«Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել, պետք է ապահովվի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը»,- ասաց Մինասյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսում արտահայտած այն մտքին, որ նախագահի թեկնածուն պետք է ներդաշնակ լինի կառավարության և խորհրդարանական մեծամասնության հետ: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ բոլոր ինստիտուտների միջև ներդաշնակացումը վտանգավոր է:
«Նիկոլ Փաշինյանը նախագահ ուզում է տեսնել մեկին, ով որևէ առարկություն չի հնչեցնի որևէ հարցի վերաբերյալ, մարդ ով ոչ մի խոչընդոտ չի ստեղծի, անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասաց նա:
Ագնեսա Խամոյանն, անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելիս երկքաղաքացի լինելու հարցին, ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանի հանցակիցն է: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանն այդ մասին իմացել է և ոչինչ չի ասել:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ ասում է, որ կանոնակարգի համաձայն՝ որոշ կառույցներ թեկնածուների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն են տրամադրում, դրա հիման վրա էլ ժամանակին Արմեն Սարգսյանի առաջադրումն է եղել:
Ինչ վերաբերում է նախագահի իրենց թեկնածուի վերաբերյալ հարցին՝ Աբրահամյանն ասաց, որ խմբակցությունը, բնականաբար, քննարկումներ պետք է տանի իրական ընդդիմադիրների հետ՝ հասկանալու թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը:
«Այս պահին չկան հաստատված թեկնածուներ, չկա հաստատված դիրքորոշում, առաջիկայում հանդես կգանք լրացուցիչ պարզաբանումներով»,- ասաց նա:
*** Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հունվարի 23-ի երեկոյան: Հունվարի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց դիմումը ստանալու մասին: Արմեն Սարգսյանը՝ համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ յոթնօրյա ժամկետում կարող է դիմումը հետ վերցնել, դիմումը հետ չվերցնելու պարագայում ԱԺ նախագահը կհայտարարի վերջինիս լիազորությունների դադարեցման մասին՝ ժամանակավոր փոխարինելով նախագահին:
Լուսանկարները՝ ֆոտոլուրի
Մեկնաբանել