
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունը
Հունվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց անփոփոխ թողնել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը։ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարությամբ է հանդես է եկել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝
1/ Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման եւ պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց եւ ոչ ավելին:
2/ Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն չի կատարվել:
3/ Մեղադրանքում ընդգրկված «խմբային շահ»-ը քրեական գործով որեւէ կերպ չի ապացուցվել:
4/ ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր հրթիռների որակի հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում:
5/ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի հնարավորություն երկարացնելու հրթիռների պահպանության ժամկետները (եթե ընդունենք, որ դրանց ժամկետներն անցած են):
6/ Հրթիռները ձեռք են բերվել նախորդ գնումից եւ գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան:
7/ Ձեռքբերման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունեցել է դրանց խիստ պահանջ:
Դավիթ Տոնոյանը ցանկանում է հրապարակային ձեւով երախտագիտություն հայտնել դատարանի բակում իրեն սատարողներին եւ դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկած անձանց: Դավիթ Տոնոյանը դատարանի փոխարեն ներողություն է խնդրում վերջիններից, քանի որ իրենց երաշխավորությունը «չի կարող անհրաժեշտ եւ բավարար սոցիալ-հոգեբանական եւ զսպիչ գործոն հանդիսանալ իր հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակման տեսանկյունից»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ։ ԱԱԾ-ում քննվող քրեական գործը վերաբերում է ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին:
Մեկնաբանել