
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021-ի տվյալներով Հայաստանի խոշորագույն հարկատուն է
2021 թվականի Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել մոտ 1 տրիլիոն 207 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ 2020 թվականի համեմատ խոշոր հարկատուների հարկերն աճել են մոտ 130 մլրդ դրամով կամ 12%-ով։
Հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) 2021 թվականի տարեկան տվյալներով Հայաստանի խոշորագույն հարկատուն է։ Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, 2021 թվականի հունվար-դեկտեմբերին ԶՊՄԿ-ն պետական բյուջե է վճարել 48.8 մլրդ դրամի հարկեր։ 2020 թվականի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 5.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։
Խոշոր հարկատուների ցանկում երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ 47.8 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն աճել են 2.3 մլրդ դրամով կամ 5%-ով։
Խոշորագույն հարկատուների եռյակը եզրափակում է պետական կառույց՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը՝ շնորհիվ բյուջե վճարված եկամտային հարկի։ ՊՆ աշխատակազմի անունից 2021 թվականին բյուջե է մուտքագրվել 42.6 մլրդ դրամի հարկ, որից մոտ 36 մլրդ դրամը միայն եկամտային հարկն է։ Պետական այս կառույցի հարկերն աճել են 6.5 մլրդ դրամով կամ 18.1%-ով։
Ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն հանրապետության չորրորդ խոշոր հարկատուն է։ 2021 թվականին պետբյուջե է վճարել մոտ 42.2 մլրդ դրամի հարկեր՝ 7.6 մլրդ դրամով կամ 15.3%-ով պակաս, քան 2020 թվականին։ 2020 թվականից հայկական ծխախոտի շուկան անկում է ապրում՝ նվազում է արտադրությունը, արտահանումն ու շուկայում գործող ընկերություններից գոյացած հարկերի ծավալը։
Հինգերորդ տեղում Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն է՝ 20.8 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերը նվազել են 6.1 մլրդ դրամով կամ 22.6%-ով։ 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո Սոթքի հանքավայրը հայտնվեց հայ-ադերբեջանական նոր սահմանագծին։ Հանքավայրի մի հատվածը անցավ հակառակորդին: Դրա հետևանքով նվազեցին շահագործման ու արտահանման ծավալները, որն էլ, ինչպես երևում է, ազդել է հարկերի ծավալի վրա։
Հաջորդում է ծխախոտագործությամբ զբաղվող և «Գրանդ Տոբակո»-ին փոխկապակցված «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն, որը տարվա ընթացքում վճարել է 20.2 մլրդ դրամի հարկեր։ Աճը՝ 1.9 մլրդ դրամ կամ 10.6%։ Հիշեցնենք՝ ինչպես «Գրանդ Տոբակո»-ն, այնպես էլ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում են։
Հանրապետության յոթերորդ խոշոր հարկատուն բենզինի ներմուծմամբ և առևտրով զբաղվող «Սիփիէս օիլ» ՍՊԸ-ն է։ Հարկերի ծավալը 2021 թվականին կազմել է 18.1 մլրդ դրամ՝ 0.4%-ով ավելի նախորդ տարվանից։
Հաջորդում է կապի խոշոր օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (Վիվա-ՄՏՍ)` 15.7 մլրդ դրամի հարկերով։ 2020 թվականի համեմատ ընկերության հարկերն աճել են 2.7 մլրդ դրամով կամ 23%-ով։
Իններորդ խոշոր հարկատուն բենզին ներմուծող «Ֆլեշ» ՍՊԸ-ն է։ Ընկերությունը պետբյուջե է վճարել 15.5 մլրդ դրամի հարկեր, որոնք նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ կես միլիարդ դրամով կամ 3.4%-ով։
Խոշոր հարկատուների տասնյակն այս անգամ եզրափակում է Թեղուտի հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ 15.3 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերը էապես աճել են՝ 2.1 անգամ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել մոտ 1 տրլն 587 մլրդ դրամի հարկեր և պետական տուրքեր։ 2020 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է մոտ 202 մլրդ դրամով կամ 14.6%-ով։
Այս գումարում ներառված չեն հարկատուներին վերադարձված գումարները, որոնք 2021 թվականին կազմել են մոտ 180 մլրդ դրամ։
- Հարկերի աճ՝ գնաճի, վարչարարության և բազային էֆեկտի հաշվին
- 2021 թվականին հարկատուներին է վերադարձվել 180 մլրդ դրամ
Գլխավոր լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
Մեկնաբանել