
99 համարի ավտոբուսը Քանաքեռ-Զեյթունում 3 փողոց է շրջանցում
Ջուլիետա Կոսոյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ է։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ Երևանի քաղաքապետարանի 99 համարի երթուղային միկրոավտոբուսները փոխարինվեցին նոր ավտոբուսներով Ջուլիետայի համար աշխատավայր հասնելը բարդացել է։ Նա բնակվում է Ֆանարջյան փողոցում, որտեղ գտնվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, աշխատում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում (Է. Հասրաթյան փողոց)։
Կինն ամեն օր աշխատանքի է հասնում տաքսիով, նոր ավտոբուսները շրջանցում են Ֆանարջյան, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցները։ Ջուլիետան ոտքով այդքան քայլել չի կարող, իսկ այդ տարածքով այլ տրանսպորտ չի անցնում։
«Ժամանակ կար, որ էդ ճանապարհով՝ հիվանդանոցների մոտով դեպի Ուռուցքաբանական, 3 տրանսպորտ էր անցնում։ Ժամանակի ընթացքում բոլորը հանեցին, թողեցին միայն 99-ը, բայց հիմա դա էլ չի անցնում, ամեն օր տաքսիով աշխատավայր հասնելն անհնար է, 100 000 դրամ աշխատավարձ եմ ստանում, իմ խնամքի տակ ծեր մայր ունեմ, ինքս էլ արդեն երիտասարդ չեմ, չեմ կարող օրվա մեջ այդքան քայլել»,- նշում է կինը։
Ջուլիետայի խոսքով՝ ցանկալի կլիներ, որ 99 համարի ավտոբուսները նորից փոխարինվեին միկրոավտոբուսներով, քանի որ այդ երթուղուց, բացի բնակիչներից, ուսանողներից, օգտվում են նաև հիվանդանոցների հիվանդները, այցելուները, հիվանդապահները։
«Շատ լավ էր, երբ հին գազելները փոխարինվեցին միկրոավտոբուսներով, լավ էր ամեն ինչ, գոհ էինք, ոչ մի խցանում, ոչ մի անանցանելի փողոց չկար, հիմա անտանելի է դարձել»,- ասում է Ջուլիետան։
Ֆեյսբուքյան «Քանաքեռի բնակիչներ» խմբում քաղաքացիները հայտարարություններ են տեղադրել, որտեղ նշում են՝ պահանջում են, որ հարցը լուծում ստանա, 99 երթուղին նորից միկրոավտոբուսներով սպասարկվի, կամ վերականգնվեն նախկինում գործող 40, 96, 45 երթուղայինները և 32 համարի ավտոբուսը։ Քաղաքացիներից ոմանք առաջարկում են ստորագրահավաք անել։
«Քանաքեռի գերեզմանատան» մոտ՝ Ֆանարջյան փողոցի սկզբնամասում, 99 համարի ավտոբուսը մի քանի րոպե կանգնում է, որ Ֆանարջյան փողոցից մարդիկ հավաքվեն, հետո շրջանցելով փողոցը՝ շարունակում է երթուղին։
99 համարի ավտոբուսի վարորդ Արտակ Նալբանդյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, նա այնտեղ է բնակվել, մեկ ամսից ավել է, որ 99 համարի ավտոբուսն է վարում։ Արտակն ասում է, որ փողոցը շրջանցելը բարդացրել է քաղաքացիների գործը, նրանք ստիպված են երկար քայլել, քաղաքացիները հաճախ են բողոքում, բայց ինքը ոչինչ անել չի կարող։
Ֆանարջյան փողոցը նեղ փողոց է, ավտոբուսի՝ այնտեղ մտնելու դեպքում խցանում կառաջանա, դրա համար էլ շրջանցում են այն, փողոցի սկզբնամասում սպասում են մի քանի րոպե, մինչև ուղևորները հասնեն, հետո շարունակում են ճանապարհը «Քանաքեռի գերեզմանատան» կողքով։
Երթուղու մեկ այլ վարորդի՝ Վիլեն Մելքոնյանի խոսքով բնակիչները հրաժարվել են կտրել ծառերի՝ դեպի փողոց աճած ճյուղերը, որոնք խանգարում են ավտոբուսին, բնակիչների մեքենաները կանգնած են փողոցում, իսկ ավտոբուսի փողոց մտնելուն պես խցանում է առաջանում։ Վարորդը նշեց նաև, որ երթուղայինի՝ փողոցներ շրջանցելու համար քաղաքապետարան դիմել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, քանի որ ավտոբուսները խանգարում են Շտապ օգնության մեքենաներին։
Երևանի Քաղաքապետարանից հայտնեցին, որ Ֆանարջյան փողոց ավտոբուսի մուտքը դադարեցնելու պահանջ ներկայացրել են փողոցի բնակիչները, քանի որ փողոցը նեղ է ու ավտոբուսի այնտեղ մտնելու դեպքում երթևեկությունը խաթարվում է, առաջանում են խցանումներ։
Նախկինում երթուղին սպասարկվում էր նոր միկրոավտոբուսներով, բայց քանի որ երթուղին ամենածանրաբեռնվածներից էր, քաղաքացիների կողմից պահանջ կար՝ միկրոավտոբուսները ավտոբուսներով փոխարինելու։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել